Հակակոռուպցիոն կոմիտեից հաղորդում են, որ ԵՊՀ ամբիոնի վարիչը քաղաքացու՝ համալսարան ընդունվելու գործընթացն անխոչընդոտ իրականացնելու համար պահանջել է խոշոր չափերի կաշառք։
«Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 3-ից Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցրած անձը, իր իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով, ստացել է կաշառք:
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ուսանողների ընդունելության հանձնաժողովի վրա ունեցած ազդեցությունն օգտագործելու եղանակով, քաղաքացու օգտին գործողություն կատարելու, այն է՝ վերջինիս Երևանի պետական համալսարան ընդունելությունն անխոչընդոտ ապահովելու նպատակով, նրա ազգականից պահանջել է նախ 5.000 ԱՄՆ դոլար, այնուհետև սակարկության արդյունքում՝ 4.000 ԱՄՆ դոլար կաշառք:
Նախաքննության ընթացքում ԵՊՀ ամբիոնի վարիչին մեղադրանք է ներկայացվել խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter