Axios-ը հայտնում է, որ ՄԱԿ-ի Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչներն առաջին անգամ այցելել են Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի իշխանության տարիներից մնացած մի քանի չհայտարարված միջուկային օբյեկտներ։
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի գլխավորած պատվիրակությունը այցելել է Դեյր էզ-Զորում գտնվող «Ալ-Քիբար» միջուկային ռեակտորի տարածք, ինչպես նաև Դամասկոսից դուրս գտնվող օբյեկտ, որտեղ պահվել են մի քանի տոննա բնական ուրանի մետաղ։
Գրոսիի խոսքով՝ տեսուչները «Ալ-Քիբարի» տարածքում արձանագրել են պեղումների շարունակվող աշխատանքներ, որոնք իրականացվում են ՄԱԳԱՏԷ-ի հետ համակարգմամբ։
Տեսուչներն այցելել են նաև մեկ այլ վայր, որտեղ պահվում են մեծ քանակությամբ գրաֆիտ, որը կապված է Սիրիայի նախկին միջուկային ծրագրի հետ։
Սիրիայի արտգործնախարար Ասաադ ալ-Շայբանին հայտնել է, որ Դամասկոսը հուլիսի 17-ին ՄԱԳԱՏԷ-ին նամակ է ուղարկել՝ տեղեկացնելով միջուկային նյութի առկայության մասին և հրավիրելով գործակալության տեսուչներին։
Գրոսսին հայտարարել է, որ կողմերը պայմանավորվել են չհայտարարված միջուկային նյութը ստուգել և տեղադրել ՄԱԳԱՏԷ-ի կանոնավոր վերահսկողության ներքո։ Գործակալությունը պետք է նաև ամբողջական գույքագրում իրականացնի։
Սիրիայի արտգործնախարարը նշել է, որ միջուկային նյութը կմնա Սիրիայի ազգային վերահսկողության ներքո՝ միաժամանակ գտնվելով ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների ներքո։
ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների այցը տեղի է ունեցել ԱՄՆ վարչակազմի դիվանագիտական ջանքերից հետո, որոնց արդյունքում փոխըմբռնումներ են ձեռք բերվել Սիրիայի և Իսրայելի հետ։
