Նարեկ Կարապետյանն առաջարկել է կրթական համակարգը կապել տնտեսության պահանջարկին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում առաջարկել է կրթական համակարգն ավելի սերտ կապել տնտեսության և աշխատաշուկայի պահանջարկի հետ։

Հեռարձակում՝ Armenia Today-ի YouTube ալիքում։

«Մեր կրթական համակարգը մի մեծ խնդիր ունի․ այն կապ չունի տնտեսության հետ։ Պետք է տնտեսությունը պատվեր տա կրթության ոլորտին»,- հայտարարել է Կարապետյանը։

Նրա խոսքով՝ մասնագիտական կրթություն ունեցող կադրերի պակասի պատճառով ընկերությունները հաճախ ստիպված են աշխատանքի ընդունել համապատասխան պատրաստվածություն չունեցող մարդկանց և տարիներ ծախսել նրանց վերապատրաստման վրա։

Կարապետյանն առաջարկել է բիզնեսին ներգրավել ոչ միայն քոլեջների, այլև համալսարանների կրթական ծրագրերի ձևավորման և ուսանողների գործնական պատրաստության գործընթացում։ Նա նաև առաջարկել է սուբսիդավորել պահանջված, մասնավորապես՝ ՏՏ մասնագիտությունների ուսման վարձը մարզերի և ցածր եկամուտ ունեցող ընտանիքների ուսանողների համար։

Հայաստանում դուալ կրթության մոդելը փորձնականորեն ներդրվել էր 2017 թվականից։ Այն կոչված էր համատեղել ուսումնական հաստատությունում տեսական ուսուցումն ու գործատուի մոտ գործնական պատրաստությունը։

Եվրոպական կրթական հիմնադրամը 2020 թվականի զեկույցում արձանագրել էր գործատուների ցածր ներգրավվածությունը, կրթական հաստատությունների նկատմամբ բիզնեսի անվստահությունը, ընկերությունների կազմակերպչական սահմանափակումները և ֆինանսական ու ոչ ֆինանսական խթանների պակասը։ Հիմնադրամի գնահատմամբ՝ ձեռնարկություններում իրականացվող գործնական ուսուցումը դեռ բավարար արդյունավետություն չուներ։

ԿԳՄՍ նախարարության՝ 2025 թվականի առաջընթացի հաշվետվության համաձայն՝ 2025-2026 ուսումնական տարում դուալ ծրագրեր են իրականացվում 20 ՄԿՈՒ հաստատությունում՝ 25 մասնագիտությամբ։ Դրանք ընդգրկում են համակարգի մասնագիտությունների 14%-ը և ուսումնական հաստատությունների 21%-ը։

Leave a Comment