Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ) հայտարարել է, որ արևմտյան երկրների հատուկ ծառայություններից մեկը՝ ուկրաինական կողմի հետ համակարգված, պատրաստվում է Լատինական Ամերիկայում հակառուսական սադրանք իրականացնել։
ԱՀԾ մամուլի բյուրոյի հայտարարության համաձայն՝ նախատեսվում է Ռուսաստանին մեղադրել Վենեսուելայի, Կոլումբիայի և Մեքսիկայի նարկոկարտելներին ու այլ հանցավոր խմբավորումներին ապօրինի զենք մատակարարելու մեջ։
Ռուսական հետախուզության պնդմամբ՝ այդ նպատակով նշված երկրներ արդեն ներկրվում են ռուսական արտադրության զինատեսակներ, որոնք, ըստ ԱՀԾ-ի, ռուսական ուժերից առգրավվել են Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում։ Միաժամանակ, իբր, պատրաստվում են կեղծ աուդիո և տեսանյութեր, ինչպես նաև փաստաթղթեր, որոնք պետք է ստեղծեն ռուսական կողմի մասնակցության տպավորություն։
ԱՀԾ-ն պնդում է, որ սադրանքի նպատակն է վնասել Ռուսաստանի հարաբերությունները Լատինական Ամերիկայի երկրների հետ և նրանց կառավարություններին հակել Արևմուտքի հակառուսական քաղաքականության աջակցությանը։
