Միջագետքի արեգակին հուրը իր աչքերուն մէջ․ Պարգևուհի Օրֆա (մաս 2)

սկիզբը

Տուրքը ծանր է

Պարգևուհի Օրֆայի պարը նորույթ էր Ֆրանսացիների համար, ինչ-որ չնաշխարհիկ մի բան՝ հեռավոր անծանոթ երկրի արձագանք: Բայց նա կուզեր, որ իրեն գնահատեին իր հայրենակիցները. «Ցաւալի է որ թուրքերն անգամ ֆրանսացիներուն պէս խենթ կ՛ըլլային վրաս: Այս ինչ ճակատագիր է որ իմ ցեղս զիս այսպէս պիտի խոշտանգէ»: Եվ սկսվում է դաժան գիտակցումը, թե՝ «…իմ տեղս Հայոց մէջը չէ…»: Բացատրում է հայկականության նկատմամբ թուրքերի խենթ ըլլալու պատճառը. «…Թուրքը հայուն հակոտնեան ըլլալով, մեզի կը սիրէ, մեր արիւնով իր պղտոր արիւնը մաքրելու համար»: Ինքը, որ միակ փրկված էր Թաշճեանների իր ցեղից, Ուրֆայի ավերումից հետո, իր վնասված ողնահարով, պարում էր՝ պատմելու համար իր ժողովրդի ստեղծարար ոգու մասին: Բայց իր պես փրկվածների շրջանակում դարձել էր օտար և նախանձի առարկա: Երբ հրավիրում էին իրեն ֆրանսական բեմ, երբ  օտարները պատրաստ էին դռներ  բացելու իր առջև, հիշում էր թրքական ասացվածքը՝ «Իր ինքնութիւնը ուրացողը հարամի զաւակ է»: Ինչպես ուրանա Ուրֆան։ «…Օֆ, ծնած չըլլայի այդ Ուրֆայի մէջ… Տուրքը ծանր է…: …Մեղք, հազա՜ր մեղք, որ այս տեսակ միջավայրի մը մէջ խամրեցայ ու կը խամրին իմ պարի կարելիութիւնները: Ես պիտի խնամուէի մասնաւոր գուրգուրանքով… այն ճառագայթումին համար որ պիտի ցոլար անկէ եւ լուսաւորէր մեր նոր սերունդը»:

 Ես … Արեւ մը պիտի ըլլայի մեր մշակոյթի երկնակամարին վրայ

Իր օրագրության տետրակներում, որ պահվում են Գրականության և արվեստի թանգարանում, Պարգևուհին անուններ է տալիս իր հայրենակիցների՝ Սիրարփի և Թագուհի Աճեմեան քույրեր, ոմն Արփինե, Աղավնի Փիրփիրեան, Կյուլիկ հանըմ՝ մի իսկական «ջատուկ» և ուրիշներ, որոնք բզկտեցին իրեն, կոտրեցին իր թևերը, իր «փետուրներով պճնուեցան», գողացան իր բեմադրությունները, կասեցրին իր բալետային ծրագիրը, զրպարտեցին իրեն ֆրանսացի մասանգետների մոտ, թե Պարգևուհին ձեզ խաբում է՝ իր պարերը հայկական չեն: Նրանք էլ չհասկանալով, թե այս մարդիկ ինչու էին այսչափ ատելությամբ լցված, պատասխանում էին՝ եթե անգամ հայկական չեն, բայց մեծ արվեստ կա դրանց մեջ: «Ես փոխանակ ասանկ ամպերու մէջ ծրարուելու, Արեւ մը պիտի ըլլայի մեր մշակոյթի երկնակամարին վրայ»: Պագևուհին գրում է, որ այս կանայք հափշտակում էին իր Արևը, իրենց լույսը կրկնապատկելու համար, սակայն իրականում մատնում էին իրենց «ներքին Արեւուն տկարութիւնը»: Ի վերջո, հասցրին մի վիճակի, երբ ինքն էլ ուզեց իր մահը: Փորձեր արեց կամուրջից նետվելու, երակները կտրելու՝ մեկընդմիշտ փակելու իր կյանքի անլույս պատմությունը… և ափսոսեց, որ ողջ է մնացել Ուրֆայի կոտորածում, «պէտք է որ մեռնէի ես, լաւ էր որ մեռնէի»:

2 (3).jpg (670 KB)

Իմանալ բարության սահմանը

Իր դեմ գործեցին ոչ միայն բացեիբաց, այլև քողարկված՝ բարի կամեցողի դիմակի տակ: Եվ գործեցին նույնիսկ, երբ հիվանդ էր՝ անկողնում և «անվտանգ»: Կարծում էր, թե այցելում են կարեկցանքից, գուցե իրեն մի քիչ խնամելու համար, այնինչ գալիս էին իրենց «…աղտոտը լաթերը լուալու հոգւոյս աւազանին մէջ», գողություն անելու տնից և վերջնականապես տապալելու իրեն: Ի վերջո, Պարգևուհին  հասկացավ մի բան, թե՝ «Մարդս իր ուժերէն վեր բարութիւնն ալ պետք չէ ընէ» և ամեն մեկը իր վսեմության սահմանը պիտի իմանա, պիտի հասկանա, թե որքան, մինչև որ սահմանը կարելի է նվիրվել ուրիշին:

«Կը պաշտեմ իմ թշնամիս դժխեմ, զի քեզի հետ դէմ առ դէմ, ես բարցարձակ անկեղծ եմ: Բարեկամներու կեղծ ու պատիր վարմունքէն, կը նախընտրեմ քու բացարձակ նախատինքդ: Քու ապտակդ արժանիքներուս ծափահարութիւնն է, քու լուտանքդ ամենաճիշդ գովասանքը ինծի ուղղուած: Թունաւոր ակնարկդ զիս խնկարկող բուրվառ մըն է որուն մէջ նախանձդ կը ծխայ կրքերուդ կրակին վրայ…Իժածամ, իժաբիբ, իժալեզու, դժոխային մեգերա, դուն չարիքին Մատոնա, մամոնայի սիրուհի, կը պաշտեմ քեզ…Կը պաշտեմ զքեզ ,թշնամիս դժխեմ, որովհետեւ դուն ամենէն աւելի ճանչցար զիս այս աշխարհի մէջ եւ արդար դատաստանի մեծ ժամուն՝ պաշտպան փաստաբանս քեզի՛ կ՛ընտրեմ…»: Իր օրագրությունում Պարգևուհին գրում է պարի իր ճանապարհը ընդհատած մի քանիսի մահվան մասին.«Կեանքիս մէջ դիմացս պատ քաշող մը պակսեց, բայց հետզհետէ անոր մահը ծանր կը ճնշէ վրաս… Արփինէ, լոյսի ջահը ձեռքէս յափշտակեցիր, որպէս զի անոր արձակած ծուխի մէջ խեղդուիս: Զզուելի էր արարքդ, որբ, պէմուրազ աղջկան մը սիրտը խոցելու չէիր այդպէս,բայց վաղահաս մահդ, քրոջական զգացումներով կը համակէ զիս: …Հանգիստ հոգիիդ… գիտցիր որ ներած եմ քեզի»: Հետո մեռավ Դպրոցասիրացի Կյուլիկ հանըմը: Պարգևուհին պատմում է, թե ամբողջ գիշեր պարել է երազի մեջ: Թաղման օրը լաց է եղել, ոչ թե  հանըմի, այլ այդ ջատուկի պատճառով խեղված ի՛ր ճակատագրի համար. «…Ա՜խ, այդ կնոջ տեղը, եթէ հոգիին մէջ լոյս ունեցող մէկն ըլլար, ես իմ ճառագայթումիս մէջ չպիտի կախակայուէի… ի՜նչ քաշեցի..․ չմեռած թաղեցիր զիս, Կիւլիկ հանըմ: …Այդ մանր մարմինը տարին մտաւորականներու թաղին մէջ թաղեցին: Վա՜յ մտաւորականներուն…»: Տարիներ անց, երբ կողքին հայնտվեց իր հոգատար տղամարդը, գլխին եկածը պատմեց նրան. Արամը ապշած էր՝ «Յաւիտենական խարան մըն է այս բոլորը անոնց ճակատին, որոնք լեղի խմցուցին առաքինի եւ շուշանի պէս մաքուր արուեստագիտուհիին, անոր մահը ցանկացին, ամէն տեսակ դժոխային սադրանքներով» և որոշեց հոգեբուժարանում գտնվող Պարգևուհու պահապանը դառնալ: Դա մի հուզիչ պատմություն է, որի մասին՝ հետո:

 Բազմաթիւ լարեր ունէր քնարին վրայ

Պարի մասին մոռացավ. անկարելիություն ուներ պարելու: Եվ մյուս  ձիրքը՝ գրելը, դարձավ իր տաղանդի դրսևորման հիմնական ճանապարհը: Գրում էր ֆրանսերեն և հայերեն, յուրահատուկ ճաշակով: Դարձել էր ֆրանսացի բանաստեղծների միության անդամ: «Չիկագո Թրիբյութ»-ի համար թարգմանություններ էր անում: Եվ իր ներքին կրակը առավելագույնը պարպելու համար ուրիշ ճանապարհ էլ բռնեց՝ նկարչություն, ասեղնագործություն, տիկնիկագործություն, գլխարկներ և զարդեր էր պատրաստում: «Պարգեւուհին կարծես չէր տեսնէր որ բազմաթիւ լարեր ունէր քնարին վրայ… ան միշտ կը պնդէր որ իր արուեստին երակը պարն է, մօրը կողմէ իրեն փոխանցուած ժառանգականօրէն»: Պարել և սովորեցնել ուրիշներին: Շաթլեի մի սրճարանի գետնահարկում երկսեռ պարախումբ էր կազմել, իր իմացածը երիտասարդներին փոխանցելու համար: Չէ որ ուսուցիչ էր նաև և  կազմակերպչական լավ ջիղ ուներ, որ առաջին անգամ թերևս դրսևորվել էր Սալոնիկում, երբ  հայերեն էր սովորեցնում որբերին և մի պարզ աշխատանքով մտել էր Աշոտ Խանջեանի շերամաբուծարան և, շնորհիվ իր բացառիկ ձիրքի, հասել գործարանի բարձր պաշտոնի և մեծ եկամուտ ապահովել իր գործատուին: Կերպարվեստի և կիրառական արվեստի իր նմուշներով մասնակցում էր ցուցահանդեսների: Նրա՝ Ֆրանկլին Ռուզվելթի ասեղնագործած դիմանկարը պահվում է Նյու Յորք նահանգի Հայդ Փարք քաղաքի թանգարանում՝ որ հիմնադրել է հենց նախագահ Ռուզվելթը: Ասեղնագործել է նաև Մկրտիչ Եօթնեղբայրեանի, Տիգրան Մեծի, Օմար Խայամի, չգիտես ինչու, Լենինի և Ստալին դիմանկարները և ասում էր որ, այն «…կը մնայ գլուխ-գործոցը իմ նախշուն ասեղնանկարներուս»: Այս աշխատանքները այսօր Երևանի Շարամբեեանի անվան Ժողովրդական արվեստների թանգարանում են:

img20260805_11282683.jpg (1.81 MB)

Դուն այս աշխարհին համար շատ ես

Կյանքի սև գծերի թակարդում հայտնված՝ դիմակայելով իրեն դառնություն պատճառած մարդկանց և մարմնական ցավերին,ինքն իր համար մանտրայի պես  կրկնում էր «քաջութիւն» բառը: Իրեն քաջություն էր պետք դիմանալու համար: «Երանի՜ Հայաստանի արուեստագէտներուն, ազատութեան պակաս ունին, սակայն ասանկ տաղտուկ չունին»՝ գրեց օրագրում: «Տառապանքով թրծուած հոգի մը, որ սակայն կը պահէ կեանքի հաւատքը եւ գեղեցկութեան սէրը… Գերազանցօրէն օժտուած Կին մը, ընտրեալներու խառնուածքով», որ իր անձնական կյանքը ապրելուց զատ, ուներ նաև մի անանձնական պարտավորությունը: Անցել էին երկարուձիգ տարիներ, բայց ականջներում չէր լռում մորեղբոր կնոջ՝ ընտանիքում միակ ողջ մնացած Խանպեկի խոսքը՝ «Պարգեւակ, մեր ընտանիքին պատիւը բարձր պահես… »: Դեռ պատանի, իր տաղանդով, նաև ճարահատյալ, նա ստանձնել էր «Եդեսիոյ թագը»: Այս երևակայական թագն առած, իր բազում շնորհներով ոչ միայն իր անհետացած ընտանիքի, այլև կործանված ամբողջ Եդեսիայի հիշատակը պահելու ուխտը չդրժեց: Փոխարենը ասացին՝ «Դուն այս աշխարհին համար շատ ես», մեկն էլ երեսին շպրտեց՝ «Դուն Ուրֆացիներու տականքն ես»: Ինչո՞ւ:

Երեսուն տարիներէ ի վեր,

Առաջին անգամ ըլլալով,

Երազիս մէջ, այս գիշեր,

Եկայ դէպի քեզ,

Ո՜հ, երկիր իմ  նաթալի,

Երազն իմ ճակատագրական՝

Հերոսակա՜ն Եդեսիա:

Ջղային տագնապներով ընկավ հիվանդանոց: Բուժման միջոցներից թերևս ամենից ծանրը «էլեքթրաշոք»-ն էր:

շարունակելի



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment