Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման և գործունեության ֆինանսական արդյունավետության, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում մատուցվող ծառայությունների որակի բարձրացման անհրաժեշտությամբ։
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
«Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) հիմնական գործառույթներից է Հայաստանի Հանրապետությունում սերմերի և տնկանյութի հավաստագրման, բուծողի իրավունքների տրամադրման գործընթացի, սերմերի լաբորատոր փորձաքննությունների, սորտափորձարկումների և նոր սորտերի գրանցման իրականացումը և մի շարք այլ գործառույթներ։
Կազմակերպությանը տրամադրվող տարեկան դրամաշնորհը «Սերմերի որակի ստուգում և պետական սորտափորձարկման միջոցառման» (1059-11003 միջոցառում) իրականացման համար կազմում է շուրջ 48,000,000 ՀՀ դրամ, որի 86 տոկոսից ավելին (շուրջ 41․0 մլն ՀՀ դրամ) կազմում է թվով 18 հաստիքների աշխատավարձը և 2025 թվականի օգոստոսի 28-ի N 1230-Ն որոշմամբ կազմակերպության տարեկան բյուջեն ավելացվեց՝ հասնելով շուրջ 55․0 մլն-ի։ Արդյունքում Կազմակերպության հաստիքացուցակը համալրվեց ևս 2 ագրոնոմի հաստիքներով՝ հաշվի առնելով, որ Կազմակերպությանը վերապահվել է նոր գործառույթ տնկանյութի հավաստագրման իրականացման նպատակով։ Ուստի ներկայումս առավել անհրաժեշտ է բարձրացնել Կազմակերպության գործունեության արդյունավետությունը՝ ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարման և բազմակողմանի մասնագիտական կադրերի ու լաբորատոր կարողությունների ավելացման միջոցով։
Կազմակերպությունը «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին (այսուհետ՝ ԳԾԿ ՊՈԱԿ) միացման արդյունքում կկրճատվեն որոշ հաստիքներ, մասնավորապես Կազմակերպության տնօրենի, վարչատնտեսական բաժնի ղեկավարի, իրավաբանի, ֆինանսիստ-հաշվապահի, կադրերի-տեսուչ գործավարի, տնտեսվար-վարորդի, հավաքարարի, անվտանգության աշխատակցի։ Միացման արդյունքում Կազմակերպության 12 մասնագիտական հաստիքներ կպահպանվեն։ Բացի այդ, հաշվի առնելով, որ միավորված կազմակերպությունները կտեղակայվեն մեկ ընդհանուր գրասենյակում՝ քաղաք Երևան, Էրեբունի 12/6 հասցեում, ապա կկրճատվեն նաև Կազմակերպության պահպանման ծախսերում ներառված էներգետիկ, կոմունալ և կապի ծառայությունների ծախսերը, որը կազմում է 2 104 000 դրամ։ Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Կազմակերպությունում առկա լաբորատորիան առկա բոլոր սարքավորումներով ևս կտեղակայվի վերոնշյալ հասցեում՝ ապահովելով ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված բոլոր գործառույթները ամբողջական ծավալով։
Միաժամանակ, նկատի ունենալով, որ ԳԾԿ ՊՈԱԿ-ում միջին աշխատավարձը կազմում է շուրջ 200 000 դրամ, իսկ Կազմակերպությունում՝ շուրջ 185 000 դրամ, ուստի անհրաժեշտություն է առաջանում միացող կազմակերպության 12 հաստիքների և ԳԾԿ ՊՈԱԿ-ի համարժեք հաստիքների համար նախատեսված աշխատավարձերի հավասարեցման։ Արդյունքում, 12 հաստիքների աշխատավարձերի համար անհրաժեշտ գումարը տարեկան կկազմի 30 600 000 դրամ, որին կգումարվի Կազմակերպության գործառույթների իրականացման համար նախատեսված պահպանման ծախսերը (լաբորատոր և գրասենյակային նյութերի, գործուղումների, մեքենայի ընթացիկ նորոգման և այլն)՝ 6 381 800 դրամ և սերմերի որակի փորձարկման լաբորատորիայի հավատարմագրման գործընթացի համար անհրաժեշտ է շուրջ 1 500 000 դրամ։ Հարկ է նշել, որ Կազմակերպության սերմերի որակի փորձարկման լաբորատորիայի կողմից տարեկան իրականացվում է 12 000 տոննա և ավելի սերմերի փորձարկումներ և լաբորատորայի հավատարմագրումը կբարձրացնի մատուցվող ծառայությունների որակը, ուստի Կազմակերպության կողմից դեռևս 2023 թվականից իրականացվել են որոշակի գործընթացներ, սակայն օրենսդրությամբ սահմանված հավատարմագրման ծառայությունների, գնահատումների և տարեկան վճարումների համար նախատեսված ֆինանսական միջոցների բացակայությամբ պայմանավորված հնարավոր չի եղել իրականացնել հավատարմագրում։
Այսպիսով, միացման արդյունքում Կազմակերպության հաստատված տարեկան բյուջեից անհրաժեշտ գումարը կկազմի 37 831 800 դրամ (աշխատավարձ՝ 30 600 000+պահպանման ծախս՝ 6 381 800 + հավատարմագրման անդամավճար՝ 850 000)։
Միաժամանակ, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ԳԾԿ ՊՈԱԿ-ը հանդիսանում է ԱԱՀ վճարող, ապա կազմակերպությունների միացման արդյունքում առաջանում է լրացուցիչ պարտավորություն շուրջ 7 566 360 դրամի չափով ԱԱՀ-ն վճարելու համար։ Այդ նպատակով առաջարկվում է Կազմակերպության տարեկան բյուջեի ավելացած մասի հաշվին նախատեսել նաև նշյալ գումարը։
Այսպիսով, Կազմակերպությանը տարեկան հատկացվող 55 885 800 դրամ գումարից կնախատեսվեն աշխատավարձի, պահպանման ծախսերի և լաբորատորիայի հավարամագրման, ինչպես նաև լրացուցիչ ԱԱՀ-ի վճարման ծախսերը, իսկ մնացած 9 289 340 դրամ գումարը կվերադարձվի ՀՀ պետական բյուջե (տարեկան անհրաժեշտ ֆինանսական միջոցների և վերադարձվող գումարի վերաբերյալ հաշվարկները ներկայացված են սույն հիմնավորմանը կից)։ Հարկ է նշել, որ 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ տողով Կազմակերպությանը արդեն վճարվել է 18,9 մլն դրամ և էներգետիկ, կոմունալ, կապի ծառայությունների, գործուղումների, մասնագիտական և այլ ծառայությունների համար՝ 4,2 մլն դրամ։ Հաշվի առնելով կրճատվող հաստիքները և Կազմակերպության տեղափոխմամբ պայմանավորված կոմունալ, կապի և էներգետիկ ծառայությունների համար գումարների անհրաժեշտության բացակայությունը, ուստի հունիս-դեկտեմբեր ամիսներին Կազմակերպությանը անհրաժեշտ կլինի շուրջ 17,9 մլն դրամ գումար։
Հարկ է նշել, որ ԳԾԿ ՊՈԱԿ-ի հաստիքացուցակը բաղկացած է 89 հաստիքներից և միացման արդյունքում այն կկազմի 101 հաստիք։
«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը իրականացնում է 1022-11002 «Պետական աջակցություն գյուղատնտեսական ծրագրերի իրականացմանը» միջոցառումը, որի համար ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորումը կազմում է 328,983․9 հազ․ ՀՀ դրամ, 1059-11001 «Բուսասանիտարիայի ծառայությունների, հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումների իրականացում» միջոցառման համար՝ 47,940․0 հազ․ դրամ, 1116-11001 «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» միջոցառման համար՝ 1,074,569.2 հազ․ դրամ և 1116-11005 «ՀՀ խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» միջոցառման համար՝ 274,125.6 հազ․ դրամ, ընդ որում որոշ միջացառումների մասով ըստ անհրաժեշտության ՀՀ պետական բյուջեից հատկացվում են լրացուցիչ ֆինանսական միջոցներ։ Պետական աջակցության ծրագրերի մոնիթորինգի իրականացման գործառույթը վերապահվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Տնտեսական զարգացման և ֆինանսավորման կառույց» հիմնարկին, արդյունքում ԳԾԿ ՊՈԱԿ-ի կողմից կիրականացվեն մի շարք նեղ մասնագիտական գործառույթներ, որի շրջանակներում կմատուցվեն ծառայություններ գյուղատնտեսության ոլորտի տնտեսավարողներին։
ԳԾԿ ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող մի շարք գործառույթներ, մասնավորապես բուսասանիտարական միջոցառումներ, հողի ագրոքիմիական հետազոտություններ, պահանջվում է իրականացնել տնկանյութի հավաստագրման գործընթացների շրջանակներում։ ՈՒստի երկու կազմակերպությունների, նրանց լաբորատոր կարողությունների համատեղումը և համապատասխան մասնագիտական կադրերի առկայությունն ու բավարար քանակը առավել արդյունավետ կդարձնեն Կազմակերպության կողմից իրականացվող գործառույթները։
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.
Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը նպատակաուղղված է պարենային անվտանգության ապահովման, արտադրողականության բարձրացմանը, գյուղատնտեսության մեջ նորարար և գիտելիքահենք մոտեցումների ներդրմանը:
Կարգավորման նպատակը և բնույթը.
Կարգավորման նպատակն է Կազմակերպությունը «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացնելու ձևով վերակազմակերպելու միջոցով բարձրացնել Կազմակերպության գործունեության արդյունավետությունը։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Սույն նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազում չի կանխատեսվում:
Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է գյուղատնտեսության ոլորտում պետության կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացում և արտադրողականության աճ։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
Որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 6.7 կետով սահմանված Պետական գույքի արդյունավետ կառավարման դրույթներից: