Ազգային ժողովում երեկ Էդգար Ղազարյանի հայտարարությունից հետո այսօր էլ շարունակվել են դրա քաղաքական արձագանքներն ու փոխադարձ քննադատությունները։
Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հայտարարում են, որ սպասում են «Ուժեղ Հայաստան» խմբակցության արձագանքին և Էդգար Ղազարյանի կողմից ներողություն խնդրելուն, իսկ դրա բացակայության դեպքում չեն բացառում ավելի կոշտ քաղաքական հակազդեցություն։
Radar Armenia-ն զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանի հետ։
Հակոբյանի խոսքով՝ ՔՊ-ի ակնկալիքն այն էր, որ միջադեպից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը նիստ կգումարի և տեղի ունեցածին գնահատական կտա։
«Մենք ակնկալում էինք, որ խմբակցությունը նիստ կանի, ինչպես խոստացվել էր, ու ինչպես պարոն Կարապետյանը նախօրոք ասել էր, որ բարեկրթության նորմերի խախտում է եղել Ղազարյանի կողմից։ Հետևաբար՝ ֆրակցիայի անունից և նաև Էդգար Ղազարյանի, ներողություն կհնչի։ Սակայն, քանի որ ասացին, որ ասելիք չունեն, հետևաբար մենք գնահատում ենք, որ ֆրակցիան ևս պատասխանատվություն է կրում պարոն Ղազարյանի ասածների և արածների համար»,– նշել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ իշխանական խմբակցությունը չի պատրաստվում հրաժարվել խորհրդարանական բանավեճի ընդունելի սահմաններից, սակայն քաղաքական հակադարձումն անհրաժեշտության դեպքում կարող է ավելի կոշտ դառնալ։
«Եթե իրենք բարեկրթության կանոնները խախտում են, ապա մենք էլ մեզ իրավունք ենք վերապահում մեր քայլերում լինել համաչափ, միգուցե համաչափից էլ ավել ու կոշտ։ Բայց միաժամանակ մենք ցանկանում ենք, որ խորհրդարանում դեբատների մակարդակը լինի բարձր, լինի բովանդակային, գաղափարական, և մենք էդ սկզբունքը պահելու ենք»,– ասել է Հակոբյանը։
Նա ընդգծել է, որ ՔՊ-ն առայժմ շարունակում է աշխատել խորհրդարանում բովանդակային քննարկումների տրամաբանությամբ, սակայն ակնկալում է, որ միջադեպի վերաբերյալ պատասխանատվություն կստանձնեն նաև «Ուժեղ Հայաստան»-ում։
«Մենք, միևնույն է, շարունակում ենք բարեկիրթ շփումով բովանդակային քննարկումները, բայց դեռ կարծում ենք, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը պետք է ներողություն խնդրի։ Հակառակ դեպքում, եթե Ղազարյանը շարունակի նույն կերպ, անհամաչափ, ուժեղ պատասխան է ստանալու, և ոչ միայն ինքը, այլ ամբողջ խմբակցությունը»,– հայտարարել է ՔՊ պատգամավորը։
Հակոբյանը պարզաբանել է, որ «ուժեղ պատասխան» ասելով՝ նկատի չունի պատժիչ կամ իրավական գործընթացներ։
«Պատժի մասին խոսք լինել չի կարող. մենք ուղղիչ աշխատանքային հիմնարկ չենք»,– նշել է նա։
Անդրադառնալով ընդդիմադիր փոխխոսնակի այն դիտարկմանը, թե ՔՊ պատգամավորներն այսօր ամբիոնից կրկնել են երեկվա վարքագիծը՝ Ղազարյանի հասցեին հնչեցնելով նույնատիպ ձևակերպումներ, Հակոբյանը պատասխանել է, որ ընդդիմության հայտարարությունները ևս անպատասխան չեն մնալու։
«Պատասխան են ստանալու և էսօր ստացել են էդ պատասխանը։ Այսինքն՝ յուրաքանչյուր բառին՝ նմանատիպ նույն բառին, և եթե շարունակվի՝ ավելի կոշտ»,– ասել է նա։
Միաժամանակ Հակոբյանը չի հայտնել, որ միջադեպի հարցով նախատեսվում է Ազգային ժողովի փակ նիստ։ Նրա խոսքով՝ նման քննարկման անհրաժեշտություն այս պահին չի տեսնում։
ՔՊ պատգամավորը նաև վերահաստատել է, որ իրենց ակնկալիքը շարունակում է մնալ ներողությունը և խորհրդարանում բարեկրթության կանոնների պահպանումը։
«Այո՛, ներողություն և՛ բարեկրթությունը կպահպանվի, հուսանք»,– ասել է Հակոբյանը։
Ինչ վերաբերում է Էդգար Ղազարյանի մանդատի հնարավոր ճակատագրին կամ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ներսում դրա վերաբերյալ որևէ որոշման, Հակոբյանը հրաժարվել է կանխատեսումներ անել։
«Չգիտեմ, չեմ ուզում եզրակացություն անել և առհասարակ չի հետաքրքրում Էդգար Ղազարյանի ճակատագիրը»,– եզրափակել է նա։
Հիշեցնենք՝ Էդգար Ղազարյանը Ազգային Ժողովի ամբիոնից խոսելով պատերազմում զոհված իր քեռու թոռան՝ Աղաջան Ջանոյանի մասին՝ հայտարարել էր. «Մենք լավ կլինեինք, եթե Աղաջան Ջանոյանը դառնար իր երազանքի ռազմական բժիշկը և փրկեր մեր զինվորների կյանքը, որը դուք սրիկայաբար փորձում եք շահարկել այստեղ»։
Նարինե Ղուկասյան
