Ամասիա խոշորացված համայնքում 2026 թ.–ի «Մասնակցային բյուջետավորում» ծրագրի հաղթող է ճանաչվել Լյովա Մկրտումյանի առաջարկը, որով նախատեսվում է նորոգել Ամասիա բնակավայրի 5 բազմաբնակարան շենքի 12 մուտք: 6690 քվեարկելու իրավունք ունեցող բնակիչ ունեցող համայնքում հաղթող հայտը ստացել է ընդամենը 128 քվե: Թեև նախնական ծրագրում ընդգրկված էր նաև հասարակական զուգարանի վերանորոգումը, հետագայում այն հանվել է նախագծից:
Մյուս երեք առաջարկներից երկրորդը վերաբերում էր Ամասիա բնակավայրում 2-րդ և 24-րդ փողոցների մեջտեղում գտնվող բազմաբնակարան շենքերի տարածքի բարեկարգմանն ու խաղահրապարակի կառուցմանը: Առաջարկը ստացել էր 1 քվե:
Երրորդ հայտով առաջարկվում էր վերանորոգել Ամասիա բնակավայրում գտնվող Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը: Առաջարկի հեղինակ Սաթենիկ Կյուրեղյանը հայտում նշել էր, որ հուշարձանն ու հուշարձան տանող սալիկապատ աստիճաններն անմխիթար վիճակում են: Համապատասխան նորոգչական աշխատանքներից և ծառատունկ կազմակերպելուց հետո, տարածքը կարող է վերածվել պուրակի: Առաջարկը ստացել էր զրո ձայն, այսինքն՝ անգամ հայտի հեղինակը չէր քվեարկել գաղափարի օգտին։
4-րդ հայտը, որ բավականին մանրամասն էր ներկայացված՝ ստացել էր 3 ձայն: Գարիկ Սարգսյանն առաջարկել էր նախորդ տարի համայնքում կառուցած մանկական խաղահրապարակի տարածքը դարձնել ակտիվ հանգստի և համայնքային շփման կենտրոն։ Ծրագրի հեղինակը պատճառաբանել էր, որ խաղահրապարակին հարող տարածքը դեռևս չունի բավարար անվտանգ և հարմարավետ հետիոտնային միջավայր, բացակայում է կանաչապատ պաշտպանիչ գոտի, կանանց՝ մանկասայլակներով և երեխաների՝ հեծանիվներով տեղաշարժն անվտանգ չէ։ Ծրագրի նպատակն է ստեղծել խաղահրապարակը կապող և լրացնող անվտանգ կանաչապատ քայլուղի, որը կծառայի որպես անվտանգ մուտք և ելք խաղահրապարակի այցելուների համար։
Ներկայացված 4 առաջարկներին ընդհանուր քվեարկել էր 132 մարդ, սա այն դեպքում, որ Ամասիա խոշորացված համայնքի բնակչության թիվը 8225 է, քվեարկելու իրավունք ունեցող չափահաս անձանց թիվը՝ 6690: Միայն Ամասիա բնակավայրում, ցանկության դեպքում, ծրագրերին կարող էր քվեարկել առնվազն հազար բնակիչ: Հիշեցնենք, որ Ամասիա համայնքը կրկնակի խոշորացել է 2021թ-ին՝ Ամասիա և Արփի խոշորացված համայնքների միավորման արդյունքում վերականգնվել է նախկին խորհրդային շրջկենտրոնը՝ ընդգրկելով 26 բնակավայր: Մասնակցային բյուջետավորման ծրագրին գյուղական փոքր համայնքներից որևէ առաջարկ չի եղել: Նրանք չեն մասնակցել նաև քվեարկությանը:
Ամասիայի համայնքապետարանի Ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Արմինե Խասիկյանը, որ համակարգել է մասնակցային բյուջետավորման նախապատրաստական աշխատանքները, ասում է, որ, օրինակ, Հողմիկ գյուղից ցանկություն են հայտնել խաղահրապարակ ունենալ, սակայն այն ծրագրային առաջարկի այդպես էլ չեն վերածել՝ մտավախությամբ, թե հնարավոր է չհաղթեն:
«Մասնակցային բյուջետավորում ծրագիրն ինչ որ տեղ նման է սուբսիդավորվող պետական ծրագրերին, ուղղակի ժամանակն է շատ քիչ: Պիտի հասցնենք տրված ժամանակահատվածում հանրային իրազեկում անել, մարդկանց բացատրել ծրագրի էությունը, հետո էլ հասցնել հաղթած ծրագիրը մինչև տարեվերջ իրականացնել,-ասում է Արմինե Խասիկյանը,-մարդիկ շատ դեպքերում չեն ընկալում, թե ինչու պիտի ասենք քվեարկեն իրենց հետ կապ չունեցող ինչ որ շենքի մուտքի նորոգման համար»:
Զրուցակցիս կարծիքով, նշված ծրագիրը հաղթել է, քանի որ անցած՝ պիլոտային ծրագրի ժամանակ, Ամասիա բնակավայրի 10 շենքի մուտքերի դռներն էին փոխվել և տրամաբանական էր, որ այս անգամ էլ նույն այդ շենքերի մուտքերի անմխիթար վիճակը փոխելու հույս էր ծագել բնակիչների մոտ: «Նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման ընթացքում պարզ դարձավ, որ կարող ենք ծրագրում ընդգրկել միայն 5 բազմաբնակարան շենք: Իսկ ինչ վերաբերում է հանրային զուգարանին, այն ընդհանրապես հանվեց ծրագրից, որովհետև պարզվեց՝ բավական խնդիրներ կան, թեկուզ մենակ են, որ աշխատակից չենք ունենալու՝ ոչ ոք չի ուզում հետևել մաքրությանը: Իսկ նման վիճակով թողնել, առանց մաքրությանն ու պահպանությանը հետևելու, անթույլատրելի է»,-ասում է Արմինեն:
Ամասիա բնակավայրի 5 բազմաբնակարան շենքի 12 մուտքի վերանորոգման աշխատանքների մրցույթը հայտարարվել է հուլիսի վերջին, արդյունքներն ամփոփվելու էին օգոստոսի 3-ին: Ծրագրի բյուջեն 31 մլն 391 հազար դրամ է, որից 24 մլն 891 հազար դրամը պետության սուբսիդիան է, իսկ 6 մլն 500 հազար դրամը կամ 20 տոկոսը՝ համայնքի ներդրումը: Հաղթող շինարար կազմակերպությունն արդեն կա, պայմանագիրը կնքելուց հետո, ամենայն հավանականությամբ օգոստոսի 15-ից կսկսվեն վերանորոգման աշխատանքները:
«Մենք հույս ունենք, որ աշխատանքների մեծ մասը շինարարը կհասցնի անել, էդ դեպքում կառավարությունը հնարավորություն կտա ծրագիրը տեղափոխել հաջորդ տարի և 6 ամիս ժամանակ կտա ամբողջությամբ ավարտելու: Մեզ մոտ ձգձգումներ եղան մրցութային փուլում, միայն նախագծային աշխատանքների համար երեք անգամ մրցույթ ենք հայտարարել՝ մասնակից չունեինք: Եվ քանի որ նորոգում է, մուտքերը չեն ջեռուցվում, մեզ մոտ էլ ցրտերը նոյեմբերից են սկսվում, դժվար թե աշխատանքները կարողանանք դեկտեմբերին ավարտել, ինչպես որ պահանջում է ծրագիրը»,-հույս է հայտնում զրուցակիցս:
Ամասիա համայնքում վերլուծում են 2025 և 2026թ․թ․-ի ծրագրերի ընթացքը, արդյունքներն ու բացթողումները՝ խոստովանելով, որ հատկապես իրազեկման հարցում ունեն թերացումներ: Բնակիչն ամբողջությամբ դեռևս չի ընկալում ծրագիրն ու իր դերն այդ ծրագրում: Բացի այդ, ժամկետն է սահմանափակ՝ մրցույթների հայտարարման ու բուն աշխատանքները սկսել-ավարտելու համար համայնքներին տրվում է միջինը 8 ամիս ժամանակ, որը հատկապես շինարարության դեպքում, բավարար չէ:
Լուսանկարները տրամադրել է Ամասիայի համայնքապետարանը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter