
Ազգային ժողովում շարունակվում է հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումը։ Երեկվա լարված միջադեպից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն այսօր վերադարձել է նիստերի դահլիճ և մասնակցում է աշխատանքներին։
Նիստի սկզբում ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը դիմեց Ղազարյանին՝ հարցնելով՝ ասելիք ունի՞։ Ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց, որ հարցը նման ձևաչափով քննարկում չի պահանջում։
Ռուբինյանն այնուհետև «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանից հետաքրքրվեց՝ նա ասելիք ունի՞, Կարապետյանը պատասխանեց՝ ոչ։
Նարեկ Կարապետյանը երեկ հայտարարել էր, որ Էդգար Ղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակը հարցը խմբակցությունում կքննարկեն և հետագա քայլերի մասին տեղյակ կպահեն։ «Ուժեղ Հայաստանը» դեռ չի հայտնել՝ ինչ եզրահանգման է եկել երեկվա միջադեպը քննարկելուց հետո։
Երեկ իրավիճակը խորհրդարանում լարվել էր Էդգար Ղազարյանի ելույթից հետո։ Իշխանություններին սուր քննադատելիս նա «Քաղաքացիական պայմանագրին» մեղադրել էր զինվորների կյանքը «սրիկայաբար շահարկելու» մեջ։
ՔՊ-ական փոխնախագահ Հայկ Կոնջորյանը Ղազարյանին նախազգուշացրել էր՝ հայտարարելով, որ նման վարքագծի կրկնության դեպքում նրան «դուրս են շպրտելու» Ազգային ժողովի շենքից։ Դրանից հետո պատգամավորների միջև վիճաբանություն և քաշքշոց էր սկսվել։
«Ուժեղ Հայաստանի» ղեկավար Նարեկ Կարապետյանը երեկ հայտարարել էր, որ խմբակցությունը նիստ է հրավիրելու և քննարկելու Ղազարյանի հետագա քայլերի հարցը՝ նրա արտահայտությունը գնահատելով որպես բարեվարքության նորմի խախտում, սակայն ինչ եզրահանգման են եկել՝ «Ուժեղ Հայաստան»-ը դեռ չի հայտնում
Ինքը՝ Ղազարյանը, երեկ հրաժարվել էր մեկնաբանություններից և չէր պատասխանել նաև հարցին՝ պատրաստվո՞ւմ է ներողություն խնդրել։