Թուրքիայի կրթության նախարարության տեսուչները Ստամբուլի հայկական դպրոցների տնօրեններին հայտնել են, որ այլևս արգելվում է Հայաստանի քաղաքացի աշակերտների ընդունելությունը, և առաջարկել նրանց տեղափոխել թուրքական պետական դպրոցներ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը՝ հղում անելով Agos-ին։
Նշվում է, որ տեսուչները ստուգումներ են սկսել, որոնք առաջիկայում կընդգրկեն նաև հունական և հրեական կրթական հաստատությունները։
2012 թվականին ընդունված կանոնակարգի համաձայն՝ օտարերկրացի երեխաները կարող էին «հյուր աշակերտի» կարգավիճակով սովորել ազգային փոքրամասնությունների դպրոցներում, թեև առանց ավարտական դիպլոմ ստանալու իրավունքի։
Շուրջ 14 տարի գործող այս պրակտիկայի դադարեցման փորձը լուրջ մտահոգություն է առաջացրել հայ համայնքի և իրավապաշտպանների շրջանում։ «Մարդու իրավունքների և ճնշվածների հետ համերաշխության ասոցիացիան» (MAZLUMDER) այժմ ուսումնասիրում է Հայաստանի քաղաքացի աշակերտների կրթության իրավունքի հնարավոր խախտումները։
MAZLUMDER-ը Agos-ին հայտնել է, որ փորձում է հանդիպումներ անցկացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, կրթական հաստատությունների, համապատասխան մարմինների և որոշումից տուժած ընտանիքների հետ։
Նշվում է, որ այս զարգացումները տեղի են ունենում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ֆոնին։
