Ֆրանսիայի հյուսիսում ավելի քան հազար մարդ է տարհանվել՝ անտառային հրդեհների պատճառով

Ֆրանսիայի հյուսիսային ափի մոտ բռնկված երկու անտառային հրդեհների պատճառով մոտ 1200 մարդ է տարհանվել ծովափնյա տարածքից, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։

Հրդեհները բռնկվել են Պա-դը-Կալե դեպարտամենտում։ Հրդեհներից մեկը վերահսկողության տակ է վերցվել, բայց երկրորդի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ կրիտիկական։ Իշխանությունների տվյալներով՝ հրդեհին մոտենալը դժվար է, և կրակը շարունակում է տարածվել դեպի հարավ։

Տարհանվածները տեղավորվել են ժամանակավոր կացարաններում։ Ֆրանսիան այս տարի բախվել է անտառային հրդեհների հատկապես ակտիվ սեզոնի՝ մի շարք ջերմային ալիքների պատճառով։

Շրջակա միջավայրի նախարար Մոնիկ Բարբուտը հայտարարել է, որ ջերմային ալիքների հետևանքները կարող են Ֆրանսիային արժենալ մինչև 15 մլրդ եվրո ուղղակի և անուղղակի ծախս։

Եվրամիությունում 2026 թվականի սկզբից անտառային հրդեհներն ընդգրկել են շուրջ 435 000 հեկտար տարածք՝ գերազանցելով 2025 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի հարավարևմտյան շրջաններում մոլեգնող անտառային հրդեհն անվանել էր «լիովին աննախադեպ»՝ հրշեջներին զգուշացնելով, որ կրակի դեմ պայքարը դեռ երկար կտևի։

Leave a Comment