
Ալմաթիում այսօր հանդիպեցի ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտի հետ, ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Քննարկվել են ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսվարողների կողմից ՌԴ տարածք արտադրանքի մատակարարման և Ռուսաստանի տարածքով այլ երկրներ տարանցման ընթացքում առկա սահմանափակումների վերացմանը, ինչպես նաև լրացուցիչ վերահսկողական միջոցների կիրառմանը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնելու ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՌԴ «Ռոսսելխոզնադզորի» միջև համագործակցությունը։ Ընդգծեցի, որ առկա հարցերի շուրջ կառուցողական երկխոսությունն ու փոխադարձ լուծումների որոնումը կարևոր նշանակություն ունեն երկու երկրների տնտեսական համագործակցության հետագա զարգացման համար»,- ասվում է գրառման մեջ։