Տիեզերական երևույթները միշտ չէ, որ տեսանելի են։ Բայց երբ հնարավոր է լինում դրանց ականատեսը լինել, աննկարագրելի զգացմունքներ ու տպավորություններ են ունենում մարդիկ։ Տիեզերական գաղտնիքներից մեկը աստղաթափն է։ Համացանցում այս օրերին ակտիվորեն տարածվում են աստղաթափի լուսանկարներ ու տեսանյութեր, որոնց մեկնաբանություններում մարդիկ հարցնում են, թե երբ և որտեղ կարելի է տեսնել այդ արտասովոր երևույթի իրական պատկերները։
Թվում է, թե «աստղաթափ» բառն ինքնին հուշում է, թե ինչի մասին է խոսքը։ Սակայն աստղաթափն ամենևին էլ աստղերի անկում չէ։ Գիշերային երկնքում հայտնվող լուսավոր հետքերն առաջանում են, երբ տիեզերական փոշու և երկնաքարերի մասնիկները մեծ արագությամբ մտնում են Երկրի մթնոլորտ։ Շփումից առաջացած բարձր ջերմաստիճանից դրանք այրվում են՝ առաջացնելով այն լուսավոր հետքը, որը տեսնում ենք երկնքում։
Աստղաթափը վաղուց արդեն միայն գիտական փաստ չէ. կարելի է ասել՝ այն այսօր դարձել է իսկական մշակութային իրադարձություն։
Մարդիկ նախապես քննարկում են դիտարկման լավագույն գիշերները, հաշվարկում լուսնի փուլերը։ Նաև քննարկում են, թե քաղաքային լույսերից հեռու ո՛ր վայրերն են ամենահարմարը աստղազարդ երկինք տեսնելու համար։
Աստղաթափը կրկնվում են ամեն տարի, ընդ որում լինում է մոտավորապես նույն ժամանակահատվածում։ Հայաստանում այդ երևույթին կարելի է հետևել ողջ օգոստոս ամսվա ընթացում, բայց ամենավառ դրսևորումը օգոստոսի 10-ից 13–ն է։
Վերջին տարիներին Հայաստանում ավելի ու ավելի հաճախ են, այսպես ասենք, «աստղերի անկման» համատեղ դիտումներ կազմակերպվում։ Դրա համար ամենահարմար տեղանքը, իհարկե, բարձր լեռնային գոտիներն են, մասնավորապես Արագած լեռան ստորոտն ու լանջերը։
Մարդիկ հավաքվում են վրաններով, տաք թեյով, սուրճով, հաճելի ընկերակցությամբ ու պատրաստվում են ականատեսը լինելու երկնային հրաշքին։ Իսկ հրաշքն առանց մտքում երազանք պահելու չի լինում։