Ալեն Սիմոնյանը կփոխարինի Արմեն Գրիգորյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում (PAN.am)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ավարտին հայտնել է, որ որոշում է ընդունել Անվտանգության խորհրդի քարտուղարի փոփոխություն իրականացնելու վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Արմեն Գրիգորյանն ԱԽ քարտուղարի կարգավիճակով վերջին անգամ է մասնակցել Կառավարության նիստին։

Փաշինյանի որոշմամբ՝ Ալեն Սիմոնյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար։

«Ղեկավարվելով «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով` Ալեն Սիմոնյանին նշանակել Անվտանգության խորհրդի քարտուղար»,- ասված է որոշման մեջ:

Կառավարության նիստի ժամանակ Փաշինյանն ասել է․ «Ուզում եմ պարոն Գրիգորյանին նախ շնորհակալություն հայտնել նախորդ 8 տարիներին այդ պաշտոնում իր կատարած աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության ընթացքում» հայտնում է 1lurer.am-ը:

Ի պատասխան՝ Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին, ինչպես նաև համատեղ աշխատանքի ընթացքում իր բոլոր գործընկերներին։

«Շնորհակալություն, պարոն վարչապետ, ջերմ խոսքերի, վստահության և համատեղ աշխատանքի համար։ Այս ամբողջ ժամանակահատվածի աշխատանքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր գործընկերներին։ Շնորհակալություն բոլորին, մեծ պատիվ էր ծառայել ՀՀ-ին»,- նշել է Արմեն Գրիգորյանը։

Leave a Comment