
Միլիոնավոր մարդիկ Եվրոպայում հետևել են հազվագյուտ արևի ամբողջական խավարմանը։ Իսպանիայի մի շարք շրջաններում լուսինն ամբողջությամբ ծածկել է արևը՝ մի քանի րոպեով խավարեցնելով շրջապատը։
Լուսնի ստվերը սկզբում անցել է Ռուսաստանի հեռավոր արկտիկական հյուսիսով, այնուհետև՝ Գրենլանդիայի և Իսլանդիայի վրայով՝ հասնելով Իսպանիա։
Իսպանիայում, որտեղ ամբողջական խավարումը դիտելու պայմաններն առավել նպաստավոր են եղել, ստվերն անցել է երկրի վրայով անկյունագծով՝ հյուսիսային Ատլանտյան ափից մինչև Միջերկրական ծով։
Մասնակի արևային խավարումը տեսանելի է եղել Եվրոպայի մեծ մասում, ինչպես նաև Կանադայում, ԱՄՆ-ի հյուսիսային շրջաններում և հյուսիսարևմտյան Աֆրիկայում։
Օգոստոսի 12-ի աստղագիտական իրադարձությունն առանձնահատուկ նշանակություն է ունեցել Իսպանիայի համար. երկրի մայրցամաքային հատվածում ամբողջական արևային խավարում չէր դիտվել ավելի քան մեկ դար։
Իսպանիայի գիտության նախարար Դիանա Մորանտը երևույթը բնութագրել է որպես բացառիկ իրադարձություն՝ այն համեմատելով «Սուրբ Ծննդի հետ, որը գալիս է մոտավորապես 100 տարին մեկ»։