«Լեսթեր» ֆուտբոլային ակումբը վաճառքի է հանվել

Անգլիական «Լեսթեր» ֆուտբոլային ակումբը վաճառքի է հանվել։ Այս մասին հայտնել է The Athletic պորտալը։

Աղբյուրի տեղեկություններով՝ սեփականատերերը գործարքից ակնկալում են ստանալ 300 մլն դոլար։ Սակայն նշվում է, որ վերջնական գումարը կարող է կազմել մոտ 200 մլն դոլար՝ թիմի՝ Անգլիայի առաջնության ուժով երրորդ դիվիզիոն դուրս մնալու պատճառով։

Ներդրումային Citigroup բանկը ներդրողներ ներգրավելու նպատակով հատուկ շնորհանդես է պատրաստել։ Գնորդներին առաջարկվում է ակտիվների փաթեթ, որը ներառում է «Քինգ Փաուեր» մարզադաշտը, «Սիգրիվ» մարզաբազան, կանանց թիմի «Բելվուար Դրայվ» բազան, հողատարածքներ, ակադեմիան, կանանց թիմը և բելգիական «Աուդ-Հևերլե Լյովեն» ակումբը։ Անշարժ գույքի օբյեկտների ընդհանուր արժեքը 2025 թվականի դրությամբ գնահատվել է 275 մլն դոլար։

«Լեսթերը» Անգլիայի չեմպիոն է դարձել 2016 թվականին, հաղթել է Անգլիայի լիգայի գավաթը՝ 1964, 1997 և 2000 թվականներին, Սուպերգավաթը՝ 1971 և 2021 թվականներին, ինչպես նաև երկրի գավաթը՝ 2021 թվականին։

Leave a Comment