Պակիստանի աղբյուրները հայտնում են ԱՄՆ-Իրան հրադադարի երկարաձգման մասին․ Թեհրանը հերքում է

ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են երկարաձգել Իսլամաբադի հուշագրի շրջանակում հաստատված 60-օրյա հրադադարի գործողության ժամկետը։ Լուրը հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով Պակիստանի կառավարության աղբյուրները։

«Երկու կողմերն էլ միջնորդներին հայտնել են ժամկետը երկարաձգելու իրենց համաձայնությունը», – ասել է բանակցային գործընթացին մոտ կանգնած աղբյուրը՝ ընդծելով, որ այնուամենայնիվ, կողմերը շարունակում են հաղորդագրություններ փոխանակել՝ երկարաձգման ժամկետը որոշելու համար։

Մինչդեռ Իրանի բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին հայտնել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որևէ բանակցություն չի եղել։

Հրադադարի գործողության ժամկետը լրանում է օգոստոսի 17-ին։
ԱՄՆ-ն և Իրանը Պակիստանի միջնորդությամբ հրադադարի մասին համաձայնության էին եկել ապրիլին, իսկ ավելի ուշ՝ հունիսի 17-ին, ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի վերջնական համաձայնության հասնելու նպատակով բանակցություններ պետք է սկսեին։ Սակայն հետագայում բանակցությունները փակուղի էին մտել՝ անվտանգության երաշխիքների և Հորմուզի նեղուցով նավագնացության ազատության շուրջ տարաձայնությունների պատճառով։

Leave a Comment