ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ոստիկանության ծառայողները հանրապետության ողջ տարածքում շարունակում են իրականացնել հատուկ միջոցառումներ՝ ուղղված հասարակական կարգի պահպանմանն ու հանրային անվտանգության ապահովմանը։
Ըստ հաղորդագրության՝ գործողությունների հիմնական նպատակը հանցավոր հակումներ ունեցող անձանց և նրանց հնարավոր հավաքատեղիների նկատմամբ վերահսկողության ուժեղացումն է, ինչպես նաև ապօրինի շրջանառությունից զենք-զինամթերքի և թմրամիջոցների դուրսբերումը։
«Տարբեր բնակավայրերի հավաքատեղիներում իրականացված շրջայցերի և ստուգողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ են ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող շուրջ 150 անձ։
Թիրախային միջոցառումներն արդյունքում հայտնաբերվել են թմրամիջոցներ և զենք-զինամթերք։
Հանրային անվտանգությանը սպառնացող ցանկացած դրսևորում շարունակելու է արժանանալ ՆԳՆ ոստիկանության հասցեական արձագանքին։
Հանցավոր դրսևորումների կանխման և հակազդման ուղղությամբ ՆԳՆ ոստիկանության հատուկ միջոցառումները պարբերական են»,–նշված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter