Խուլիան Ալվարեսը հիասթափվել է Սիմեոնեից

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը խիստ զայրացած է ակումբի ղեկավարության և գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի պահվածքից՝ կապված կատալոնական «Բարսելոնա» իր հնարավոր տեղափոխության հետ։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo պարբերականը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ օգոստոսի 10-ին 26-ամյա արգենտինացին ժամանել է ակումբի մարզաբազա և նպատակ է ունեցել անձամբ քննարկել «Բարսելոնա» տեղափոխության հարցը Սիմեոնեի հետ, սակայն պարզել է, որ հենց այդ նույն օրը արգենտինացի մասնագետը մեկնել է Իբիցա։

Ֆուտբոլիստը փորձել է հանդիպել նաև «Ատլետիկոյի» գլխավոր տնօրեն Միգել Անխել Խիլի հետ, ով ևս բացակայել է աշխատավայրից։

Ալվարեսը կարծում է, որ Սիմեոնեն պարզապես խուսափել է իր հետ հանդիպումից, և նրան չի բավականացրել համարձակությունը՝ քննարկելու հարձակվողի հնարավոր հեռանալու հարցը։

Իսպանական պարբերականը նշում է, որ ֆուտբոլիստն արդեն վերջնագիր է ներկայացրել մարզաբազայում՝ բացահայտ հայտարարելով, որ գալիք մրցաշրջանում «Ատլետիկոն» իր վրա հույս չդնի:

Ավարտված մրցաշրջանում Խուլիան Ալվարեսը բոլոր մրցաշարերում անցկացրած 49 խաղում դարձել է 20 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Հեղինակավոր Transfermarkt-ը արգենտինացու տրանսֆերային արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։

Leave a Comment