Ֆրանսիայում խոշորագույն ատոմակայանի էներգաբլոկների կեսը կանգնեցվել է մեդուզաների պատճառով

Ֆրանսիական EDF էներգետիկ ընկերությունը ստիպված է եղել կանգնեցնել երկրի հյուսիսում գտնվող «Գրավլին» ատոմակայանի երեք ռեակտոր՝ կայանի ֆիլտրացման համակարգերում մեդուզաների զանգվածային կուտակման պատճառով։ Այս մասին ասվում է ընկերության կայքում հրապարակված հաղորդագրությունում։

«Երկուշաբթի՝ 2026 թվականի օգոստոսի 10-ին, «Գրավլին» ատոմակայանում գործարկվել են անվտանգության նախատեսված միջոցները՝ մեդուզաների զանգվածային ներհոսքի պատճառով»,- նշվում է հաղորդագրությունում։

Երեք էներգաբլոկ ինքնաբերաբար անջատվել է, իսկ չորրորդի հզորությունը նվազեցվել է։ Կայանում ընդհանուր առմամբ վեց ռեակտոր կա։ Դրանցից հինգերորդը նախապես կանգնեցվել էր պլանային տեխնիկական սպասարկման համար, իսկ վեցերորդը շարունակում է աշխատել։

«Գրավլին» ատոմակայանը նման խնդրի բախվել էր նաև մեկ տարի առաջ։ Այն ժամանակ մեդուզաների պատճառով ինքնաբերաբար անջատվել էր չորս ռեակտոր։

BFMTV-ի հաղորդմամբ՝ օվկիանոսի ջերմաստիճանի բարձրացումն ու ձկների չափից ավելի որսը նպաստում են ամռանը ափամերձ հատվածներում մեդուզաների բազմացմանը։

Միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի ատոմակայաններում շոգի և երաշտի պատճառով էլեկտրաէներգիայի արտադրության ռեկորդային կրճատման ֆոնին։ Օգոստոսի 9-ին այդ պատճառով անհասանելի էր ֆրանսիական ատոմային էներգետիկայի հզորությունների 15,6 տոկոսը։ Սա ամենաբարձր ցուցանիշն է այն պահից ի վեր, երբ EDF-ը 2015 թվականից սկսեց հրապարակել համապատասխան տվյալները։

Ատոմակայանների էներգաբլոկների աշխատանքը ստիպված են սահմանափակել գետերի ջրի բարձր ջերմաստիճանի և մակարդակի նվազման պատճառով։ Ատոմակայաններն օգտագործում են գետերի ջուրը սարքավորումները հովացնելու համար։

Leave a Comment