ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ի գագաթնաժողովում. Գալուզին

ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին նախատեսված գագաթնաժողովում, TASS-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:

«Կազմակերպության անդամներից մեկի նկատմամբ սահմանափակող միջոցների հնարավոր կիրառման վերաբերյալ ցանկացած որոշում ամբողջությամբ ընկնում է Հավաքական անվտանգության խորհրդի (որը ներառում է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին) իրավասությունների մեջ, որն իրավունք ունի նման որոշումներ կայացնել կազմակերպության կանոնադրության դրույթների հիման վրա», – ասել է Գալուզինը՝ նշելով, որ «խորհրդի հաջորդ նիստը կկայանա Մոսկվայում նոյեմբերի 11-ին»։

ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով՝ ՀԱՊԿ կանոնադրությունը միջազգային պայմանագիր է, որը պետք է բարեխղճորեն կատարեն բոլոր կողմերը։ Գալուզինը նշել է, որ կազմակերպության աշխատանքներին Երևանի չմասնակցելը և ՀԱՊԿ բյուջեի վերաբերյալ տարեկան որոշումները չստորագրելը չի դադարեցնում կազմակերպության գործունեության ֆինանսավորմանն ուղղված ազգային ներդրումը ժամանակին փոխանցելու Հայաստանի պարտավորությունը։

«Ցանկացած միջազգային կազմակերպություն ունի այս իրավիճակի համար ընթացակարգեր, ինչպես նշված է իր հիմնադիր փաստաթղթերում։ ՀԱՊԿ-ը բացառություն չէ», – ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարարը հայտարարել էր, թե կազմակերպության անդամ երկրները պատրաստվում են Հայաստանի նկատմամբ միջոցներ ձեռնարկել՝ անդամավճարը երկու տարի չվճարելու պատճառով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հունիսին նշել էր, թե իրեն չի մտահոգում ՀԱՊԿ-ից Հայաստանին հեռացնելու հեռանկարը։ Նա կարծիք էր հայտնել, որ եթե կառույցի անդամները նման որոշում կայացնեն, ապա Երևանը դա ի գիտություն կընդունի։

Երևանն արդեն չորրորդ տարին է՝ բոյկոտում է ռազմական դաշինքում աշխատանքները։

2022-ին Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումից հետո, երբ ՀԱՊԿ-ը ոչ միայն օգնություն չցուցաբերեց Հայաստանին, այլև քաղաքական գնահատական չտվեց հայկական տարածքների օկուպացիային, պաշտոնական Երևանը դադարեց մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին, հրաժարվեց գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։ 2024-ի փետրվարին արդեն դաշինքին անդամակցությունը սառեցվեց, իսկ հայկական կողմը դադարեց մուծել նաև անդամավճարը։

Leave a Comment