Քոլեջ ընդունվելը 2026-ին․ նոր կարգ, նոր արտոնություններ․ ո՞վ կարող է օգտվել ՄԿՈՒ ընդունելության փոփոխություններից․ «Դպրություն»

Հայաստանում նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգն այսօր ապրում է իր տրանսֆորմացիոն ամենաակտիվ շրջանը։ Օրենսդրական փոփոխությունները, շուկայի պահանջներին համապատասխանեցումը և կրթության որակի նոր չափանիշները ստիպում են վերանայել տարիներով գործած մոտեցումները։     

Ամեն տարի քոլեջների և ուսումնարանների ընդունելության գործընթացը մեծ հետաքրքրություն է առաջացնում թե՛ դիմորդների, թե՛ նրանց ծնողների շրջանում։ Նախարարությունը մշտապես ակնկալում է դիմորդների թվի և որակական ցուցանիշների աճ՝ հատկապես աշխատաշուկայում պահանջված մասնագիտությունների գծով։

2026 թվականին Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) համակարգում իրականացվել են մի շարք կարևոր փոփոխություններ, որոնք միտված են ընդունելության գործընթացի պարզեցմանը, թվայնացմանը և աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցմանը։

Ուժի մեջ է մտել մասնագիտական ուսումնական հաստատությունների (քոլեջների և ուսումնարանների) ընդունելության նոր կարգը, որը փոխարինել է 2024 թվականի կարգին։

Նոր կարգով սահմանվել են ընդունելության միասնական կանոններ բոլոր պետական, հանրային և մասնավոր մասնագիտական ուսումնական հաստատությունների համար։ Ընդունելությունն իրականացվում է միասնական էլեկտրոնային հարթակի՝ dimord.emis.am համակարգի միջոցով։ Այս մոտեցումը նվազեցնում է փաստաթղթաշրջանառությունը, ապահովում է գործընթացի թափանցիկությունն ու հավասար պայմանները բոլոր դիմորդների համար։

«Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքով ամրագրվել են աշխատանքի վրա հիմնված (դուալ) ուսումնառության, կրեդիտների կուտակման և փոխանցման, ոլորտային որակավորումների և կրթական ծրագրերի շարունակական արդիականացման մեխանիզմները։ Այս փոփոխությունները նպատակ ունեն ապահովելու, որ շրջանավարտների գիտելիքներն ու հմտությունները համապատասխանեն տնտեսության և գործատուների պահանջներին։

Կրթության որակի բարձրացումն անհնար է պատկերացնել առանց մանկավարժական կազմի մոտիվացման և մասնագիտական զարգացման։ ՄԿՈՒ ոլորտում ներդրված կամավոր ատեստավորման համակարգը նպատակ ունի ոչ միայն ստուգել դասախոսների և արտադրական ուսուցման վարպետների գիտելիքները, այլև էականորեն բարձրացնել նրանց աշխատավարձերը։

ՀՀ կառավարությունը հաստատել է 2026-2027 ուսումնական տարվա պետական պատվերի տեղերը։ Միաժամանակ սահմանվել են նաև պահուստային տեղեր՝ օրենսդրությամբ նախատեսված արտոնություն ունեցող դիմորդների համար։ Տեղերի բաշխումն իրականացվել է՝ հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջարկը, ուսումնական հաստատությունների կարողությունները և մարզային կրթության զարգացման առաջնահերթությունները։

2026 թվականի ընդունելության կարգով առանձնահատուկ արտոնություններ են նախատեսված բարձր մարզական նվաճումներ ունեցող անձանց համար։ Մասնավորապես, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների չեմպիոնները և մրցանակակիրները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բարձր մարզական կոչումներ ունեցող անձինք, կարող են օգտվել ընդունելության արտոնություններից՝ պետական մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելիս, եթե ներկայացնում են իրենց մարզական նվաճումները հավաստող համապատասխան փաստաթղթերը։

2026 թվականի բարեփոխումները նպատակ ունեն ձևավորելու առավել ժամանակակից, թվայնացված և թափանցիկ ՄԿՈՒ համակարգ։ Ընդունելության միասնական էլեկտրոնային հարթակը, քննությունների սահմանափակ կիրառումը, աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ընդլայնումը և անվճար ուսուցման տեղերի նպատակային բաշխումը միտված են բարձրացնելու մասնագիտական կրթության հասանելիությունն ու որակը և ապահովելու աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստումը։

ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումները շարունակական են, և նախարարության որդեգրած քաղաքականությունը միտված է կրթություն-աշխատաշուկա կապի էլ ավելի սերտացմանը։

«Դպրության» տաղավարում է ՀՀ ԿԳՄՍՆ ՄԿՈՒ վարչության պետ Գայանե Արզումանյանը։

Leave a Comment