«Նման լուր չեմ տեսել, որովհետև կախված է նրանից, թե ինչ աղբյուրներ են մոնիտորինգի ենթարկվում։ Այս պատերազմը տեղի է ունենում նաև տեղեկատվական ոլորտում։ Ամենահայտնի ֆեյքերից մեկը, որը միջազգային մակարդակի է, այն տեղեկությունն էր, թե իբր իրանական բարձրաստիճան պաշտոնյան անվտանգության ոլորտում հայտարարել է, որ պատրաստվում են միջուկային զենք օգտագործել։ Դա կեղծ տեղեկություն էր»,- Radar Armenia-ի հետ զրույցում ասել է «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը։
Սերգեյ Մելքոնյանն անդրադարձել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հայտարարությանը, որ այս պահին ԱՄՆ-ի հետ որևէ ուղիղ բանակցություն չեն վարում, իսկ հաղորդագրություններ փոխանակում են միայն միջնորդների միջոցով։ Միաժամանակ ամերիկյան կողմից պնդում են, որ բանակցություններ ընթանում են։
Ըստ Մելքոնյանի՝ իրանական կողմի համար կարևոր է շեշտել, որ ուղիղ բանակցություններ տեղի չեն ունենում։
«Որովհետև ներսում կան տարբեր տարաձայնություններ այս հարցի շուրջ՝ հաշվի առնելով, որ վերջին բանակցությունները փոխըմբռնման և երկկողմ հուշագիր ստորագրելու շուրջ էին։ Ներսում ոչ բոլորն էին գոհ, և տեսան, որ արդյունքում դա չզսպեց նոր պատերազմը»,- նշել է նա՝ հավելելով, որ ցանկացած առաջարկի փոխանակումն իրենց համար բանակցություն է։
Նշենք, որ, ըստ Իրանի նախագահի, Թեհրանի և Վաշինգտոնի միջև որոշակի կոնտակտներ այժմ պահպանվում են բացառապես երրորդ կողմերի ներգրավմամբ։ Սերգեյ Մելքոնյանի պնդմամբ՝ առաջին հիմնական միջնորդ երկիրը Պակիստանն է։
«Քանի որ իր վրա կա որոշակի պատասխանատվություն, որովհետև Իսլամաբադում է եղել հուշագրի ստորագրումը։ Պարզ է, որ, հաշվի առնելով հարաբերությունների մակարդակը, որ իրենք կարողացան պահել և՛ Իրանի, և՛ Միացյալ Նահանգների հետ, դա օգտագործվում է»,- հավելել է Մելքոնյանը։
Նրա խոսքով՝ հաջորդ երկիրը, որը միջնորդ է հանդիսանում, Օմանն է, որն այժմ ներգրավված է Պարսից ծոցի և, մասնավորապես, Հորմուզի նեղուցի ստատուս քվոյի վերափոխման գործընթացում, որը կարևոր է Միացյալ Նահանգների և Իրանի համար։
«Հիմա տեղի են ունենում զուգահեռ բանակցություններ Իրանի և Օմանի միջև, որոնք նոր ստատուսը պիտի որոշեն»,- ասել է նա՝ ընդգծելով, որ երրորդ երկիր կարող է համարվել որևէ չեզոք երկիր, օրինակ՝ Շվեյցարիան, որտեղ նույնպես քննարկումներ են տեղի ունենում։
