Ոստիկանության ծառայողներին՝ արտոնյալ հիփոթեք․ բնակարանային պետական աջակցության նոր ծրագիր է առաջարկվում

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված նախագիծը,Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է ոստիկանության ծառայողների համար ներդնել բնակարանային պետական աջակցության նոր ծրագիր, որի շրջանակում նրանք կարող են բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերել, ինչպես նաև տուն կառուցել՝ մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման միջոցով։ Նախագծով նախատեսվում է սահմանել նաև ծրագրի մասնակիցների և համավարկառուների պահանջներն ու պետական աջակցության տրամադրման պայմանները։

Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներքին գործերի նախարարության ոստիկանությունում իրականացվող ինստիտուցիոնալ և լայնամասշտաբ բարեփոխումների շրջանակում, ոստիկանությունում ծառայության գրավչության բարձրացման, ինչպես նաև ծառայության անցնելու և ծառայությունը շարունակելու նկատմամբ հետաքրքրության խթանման նպատակով անհրաժեշտություն է առաջացել ոստիկանության ծառայողների համար նախատեսելու լրացուցիչ սոցիալական երաշխիքներ՝ ներդնելով բնակարանային ապահովությանն ուղղված պետական աջակցության լրացուցիչ մեխանիզմներ։

Ոստիկանությունում ծառայության առանձնահատուկ բնույթը, նրանց վերապահված հանրային նշանակության գործառույթները պայմանավորում են սոցիալական պաշտպանության լրացուցիչ երաշխիքների նախատեսման անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման, ինչպես նաև բնակելի տան կառուցման համար մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոտեկային վարկավորման պետական նպատակային ծրագրից օգտվելու հնարավորության ապահովումը նպատակաուղղված է ծառայողների սոցիալական ապահովվածության մակարդակի բարձրացմանը, կադրերի համալրմանը և պահպանմանը, ինչպես նաև Ոստիկանությունում ծառայության գրավչության բարձրացմանը։

Վերոգրյալից ելնելով՝ մշակվել է «Ոստիկանության ծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոտեկային վարկավորման պետական նպատակային ծրագրից օգտվելու կարգը և պայմանները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։

Կարգավորման նպատակն ու բնույթը.

Սույն նախագծով նախատեսվում է սահմանել ոստիկանության ծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերմանը կամ բնակելի տան կառուցմանն ուղղված պետական աջակցության նպատակային ծրագիրը։ Նախագծով սահմանվում են Ծրագրի մասնակիցների շրջանակը, Ծրագրում ընդգրկվելու պայմանները, պետական աջակցության ձևերը, ինչպես նաև Ծրագրի մասնակիցներին տրամադրվող լրացուցիչ երաշխիքները։

Միաժամանակ, նախագծով սահմանվում են ոստիկանության ծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոտեկային վարկավորման կարգն ու պայմանները։ Մասնավորապես, կարգավորվում են Ծրագրի մասնակիցների և համավարկառուների նկատմամբ ներկայացվող պահանջները, դիմում-հայտերի ընդունման, հավաքագրման և քննարկման, ծառայողների հաշվառման, ինչպես նաև Ծրագրի իրականացման ընթացքում ծագող այլ իրավահարաբերությունները։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի«Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026 թթ.) ծրագրին հավանություն տալու մասին» 2021 թվականի օգոստոսի 26-ի ԱԺՈ-002-Ն որոշման «5.4 ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ» բաժնի 5-րդ պարբերությունից, որի համաձայն՝ Ոստիկանությունում ծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով համակողմանիորեն վերանայվելու է ոստիկանության ծառայողների վարձատրության հարցը, սահմանվելու է արժանապատիվ վարձատրության չափ, որը մի կողմից գրավիչ կդարձնի ոստիկանությունում ծառայությունը, մյուս կողմից երաշխիք կհանդիսանա ծառայողներին կոռուպցիոն դրսևորումներից հնարավորինս զերծ պահելու հարցում: Այս ուղղությամբ առաջին քայլերն արդեն կատարված են. նոր ձևավորված պարեկային ծառայության ծառայողների աշխատավարձը 30-50%-ով ավելի են համակարգում գործող վարձատրության չափից: Հեռանկարում նախատեսվում է դրանց հավասարակշռում՝ քննարկելով նաև ոստիկանության ծառայողների համար սոցիալական ապահովության լրացուցիչ երաշխիքների սահմանման հարցը:

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտների և ծախսերի սպասվելիք փոփխությունների մասին

Ոստիկանության բոլոր ծառայողների համար, 20 ամբողջական տարիների ընթացքում, 35 մլն արժողությամբ բնակարանի վարկավորման համար հնարավոր տոկոսները կազմելու են 852,7 մլրդ, իսկ կանխավճարը՝ շուրջ 48 մլրդ ՀՀ դրամ։

Եթե ծրագիրը մեկնարկի Սյունիքի մարզից, ապա Սյունքի մարզի 435 ծառայողի համար, 20 ամբողջական տարիների ընթացքում, 35 մլն արժողությամբ բնակարանի վարկավորման համար հնարավոր տոկոսները կազմելու են 26,7 մլրդ, իսկ կանխավճարը՝ 1,530 մլն ՀՀ դրամ։

 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

 Ակնկալվող արդյունքը

Սույն որոշման ընդունման արդյունքում կկարգավորվեն ոստիկանության ծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոտեկային վարկավորման պետական նպատակային ծրագրից օգտվելու կարգի և պայմանների սահմանման հետ կապված հարաբերությունները:

Leave a Comment