Arab Weekly․ Ռիադի գործարաններից մեկում հրդեհի հետևանքով Բանգլադեշի 16 քաղաքացի է զոհվել

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում կահույքի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 16 բանգլադեշցի աշխատանքային միգրանտ է զոհվել։ Այս մասին հայտնել է The Arab Weekly լրատվական պորտալը՝ հղում անելով Բանգլադեշի արտագաղթողների բարեկեցության և արտերկրում զբաղվածության նախարարությանը։

Նախարարության տվյալներով՝ հրդեհը բռնկվել է օգոստոսի 9-ին Ռիադի Մուսա-Սանայա արդյունաբերական գոտում գտնվող կահույքի արտադրամասում։ Բանգլադեշի դեսպանատունը մշտական կապի մեջ է Սաուդյան Արաբիայի իշխանությունների հետ՝ զոհերի ինքնությունը պարզելու և նրանց աճյունները հնարավորինս արագ հայրենիք տեղափոխելու նպատակով։

Բանգլադեշի կառավարությունը նաև որոշել է ֆինանսական աջակցություն տրամադրել զոհերի ընտանիքներին։ Հրդեհի պատճառները դեռևս հայտնի չեն։

The Arab Weekly-ի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիան Բանգլադեշից աշխատանքային միգրանտների համար գլխավոր ուղղությունն է։ Թագավորությունում բնակվում և աշխատում է այդ երկրի շուրջ 3,5 միլիոն քաղաքացի, որոնց մեծ մասը զբաղված է շինարարության, արտադրության և ծառայությունների ոլորտներում։

 

Leave a Comment