Հայաստանի տաղավարը Մոսկվայի ցուցահանդեսի առաջատար եռյակում է – armeniatoday.am

Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի (ԺՏՆՑ) Հայաստանի ազգային տաղավարը 2025 թվականին ընդգրկվել է ամենաշատ այցելու ունեցող տաղավարների եռյակում՝ Բելառուսի և Ղազախստանի տաղավարների հետ, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԺՏՆՑ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Շոգուրովին։

«Ավանդաբար առաջատարների թվում հենց ազգային տաղավարներն են։ Անցյալ տարի ամենահայտնի եռյակում էին Բելառուսը, Ղազախստանը և Հայաստանը։ Նրանց պահանջվածությունը հեշտ է բացատրել․ այստեղ միշտ կա ինչ-որ նոր, կենդանի և ինքնատիպ բան»,- նշել է Շոգուրովը։

Նրա խոսքով՝ ազգային տաղավարներն անցել են ԺՏՆՑ-ի վերականգնման ծրագիրը և վերականգնումից հետո վերադարձել XX դարի կեսերին բնորոշ տեսքին։ Այժմ դրանց ճարտարապետության մեջ կրկին արտացոլված են տարբեր ժողովուրդների ազգային զարդանախշերը, ավանդույթներն ու գեղարվեստական առանձնահատկությունները։

ԺՏՆՑ-ում մեծ պահանջարկ ունի նաև Թանգարանային քաղաքը, որը միավորում է ավելի քան 30 ժամանակակից թանգարանային և ցուցահանդեսային տարածք։

ԺՏՆՑ-ն բացվել է Մոսկվայում 1939 թվականի օգոստոսի 1-ին՝ որպես Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդես։ Այն ստեղծվել էր ԽՍՀՄ հանրապետությունների գյուղատնտեսական, իսկ հետագայում նաև արդյունաբերական ու գիտատեխնիկական ձեռքբերումները ներկայացնելու համար։ Այսօր ԺՏՆՑ-ն խոշոր ցուցահանդեսային, թանգարանային և հանգստի համալիր է։

Leave a Comment