Անոմալ տապ Արևմտյան Եվրոպայում. հունիսն ու հուլիսը գերազանցել են կլիմայական բոլոր նորմաները

Արևմտյան Եվրոպայում հունիսն ու հուլիսը դիտարկումների պատմության ողջ ընթացքում դարձել են ամենաշոգ ամիսները, երկուշաբթի՝ օգոստոսի 10-ին, հայտնել է Բոննում տեղակայված «Copernicus» կլիմայի փոփոխության եվրոպական ծառայությունը։

Այս ժամանակահատվածում միջին ջերմաստիճանը կազմել է 21,62 աստիճան՝ 2,79-ով գերազանցելով 1991-2020 թվականների հունիսյան միջին ցուցանիշը։ Միևնույն ժամանակ, Արևելյան Եվրոպայում և Սկանդինավիայում ամռան առաջին երկու ամիսներին եղանակը զգալիորեն ավելի զով է եղել։

«Copernicus»-ն ընդգծում է նաև Արևմտյան Եվրոպայում գարնան վերջից ի վեր դիտվող անոմալ երկարատև տապը։ Մայիսից սկսած այստեղ գրանցվել է տաք օդային հոսանքների չորս ալիք, ինչը չափազանց հազվադեպ երևույթ է տվյալ տարածաշրջանի համար։

Ուժեղ տապ է արձանագրվել նաև Ատլանտյան օվկիանոսում և Միջերկրական ծովի արևմուտքում, ինչը վնաս է հասցրել ափամերձ բնակավայրերին ու ծովային էկոհամակարգերին։ Հուլիսին ծովի մակերևույթի միջին ջերմաստիճանը հարավային և հյուսիսային լայնությունների 60 աստիճանների միջև կազմել է 20,96 աստիճան՝ գերազանցելով 2023 թվականի հուլիսին գրանցված նախորդ ռեկորդը (20,89 աստիճան)։

Չորեքշաբթի՝ օգոստոսի 5-ին, Ավստրիայում և Սլովակիայում գրանցվել է պատմության մեջ ամենաշոգ օրը։ «GeoSphere Austria» ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ Ավստրիայի Բադ Դոյչ-Ալտենբուրգ քաղաքում ցերեկը ջերմաստիճանը բարձրացել է մինչև 41,2 աստիճան։ Սլովակիայի հարավում գտնվող Կամենիցա նադ Հրոնոմ համայնքում նույն օրը արձանագրվել է 41,4 աստիճան տաքություն։

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում օգոստոսի 4-ին օդի ջերմաստիճանը հասել է 41 աստիճանի։ Չափազանց բարձր ջերմաստիճանն ու երաշտը երկրում ավելի ու ավելի ծանր հետևանքներ են ունենում մարդկանց և բնության համար։ Մինչ որոշ բնակավայրեր պայքարում են ջրի պակասի դեմ, Դանուբ և այլ գետերում նավագնացությունը մասնակիորեն դադարեցվել է ջրի ցածր մակարդակի պատճառով։ Ազգային օդերևութաբանական ծառայությունը նաև զգուշացրել է բնակչության խոցելի խմբերի համար սպառնացող «ծայրահեղ ջերմային սթրեսի» մասին։

Leave a Comment