ԶԼՄ-ն հայտնել է Գարեգին Բ-ի գործով երկու հավանական դատավորների անունները

Դատավոր Հակոբ Մանուկյանի ինքնաբացարկից հետո Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի գործը կարող է փոխանցվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի երկու դատավորներից մեկին՝ Սերժ Ռուշանյանին կամ Արման Բաբախանյանին, հայտնում է «Փաստինֆո»-ն։

Թերթը նշում է, որ այժմ քրեակահ գործեր քննող դատավորների հիմնական մասն արձակուրդում է գտնվում, ընտրությունն այս երկու դատավորի միջև է։

«Փաստինֆո»-ն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ դատական իշխանության պաշտոնական էջում, որտեղ ներառված են դատավորների արձակուրդների ժամանակացույցը, բացակայում են Արմավիրի դատավորների արձակուրդի մասին տվյալները։

Թերթը հավելել է, որ չի բացառվում, որ կփորձեն յուրային դատավորներին արձակուրդից ետ կանչել՝ մակագրելու գործը։

ՀՀ գլխավոր դատախազությունը փետրվարի 14-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ հռչակված Արման (Գևորգ) Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։ Այդ ժամանակ կաթողիկոսի նկատմամբ կիրառվել էր նաև բացակայելու արգելք, որը դատարանն ապրիլի 10-ին վերացրել էր։

Հուլիսի 27-ին դատախազը հաստատել էր Գարեգին Բ-ի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեց եպիսկոպոսների գործով մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Օգոստոսի 7-ին գործով առաջին դատական նիստին դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ էր հայտնել։

 

Leave a Comment