Մադրիդի «Ռեալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Խավիեր Էռնանդեսը Ռիո Ֆերդինանդի հեղինակային փոդքասթի ժամանակ կիսվել է Կրիշտիանու Ռոնալդուի մասին իր տպավորություններով։
Մեքսիկացին պորտուգալացու հետ «Ռեալում» խաղացել է 2014/15 մրցաշրջանում։ Պատասխանելով Ֆերդինանդի այն հարցին, թե որն էր Ռոնալդուի հետ նույն հանդերձարանում հայտնվելու առաջին տպավորությունը, էռնանդեսը նշել է.
«Դա անհավանական էր։ Մինչ այդ ես շատ էի խոսել քո և մյուս տղաների հետ Կրիշտիանուի մասին, թե ինչպիսին էր նա «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ինձ բազմաթիվ պատմություններ էին պատմել, և հետո ես պատիվ ունեցա դառնալ նրա թիմակիցը։ Եվ գիտե՞ս, այն ամենը, ինչ դուք պատմում էիք, ճշմարտություն էր։
Նա մրցակցում էր նույնիսկ ընթրիքի սեղանի շուրջ։ Բայց այդ մրցակցային ոգին ոչ մի աղերս չունի մեծամտության հետ։ Բանն այն չէ, որ նա ուզում է ապացուցել, թե քեզանից լավն է։ Պարզապես, ինձ թվում է, նրա ներսում ինչ-որ անջատիչ կա։ Կարծում եմ՝ շատ ֆուտբոլիստների մոտ է այդպես. մենք չունենք «միացված» և «անջատված» ռեժիմներ։ Դու միշտ պետք է «միացված» լինես:
Լավագույններից լավագույնը դառնալու համար պետք է այդպիսին լինել ամեն օրվա յուրաքանչյուր վայրկյանում։ Միայն այդպես է հնարավոր դիմանալ այն ահռելի ճնշմանը, որն առաջանում է, երբ դու լավագույնն ես։
Անկեղծ ասած, նրա՝ որպես մարդու մասին շատ լավ հիշողություններ ունեմ։ Ես չեմ ասում, թե աշխատում էի այնքան շատ, որքան Կրիշտիանուն, բայց միշտ առաջինն էի գալիս բազա՝ մարզասրահում պարապելու կամ պրոցեդուրաներ անցնելու համար։ Դրա շնորհիվ ես հնարավորություն ունեի հաճախ մենակ մնալ նրա հետ։ Եվ առանձնազրույցներում նա բոլորովին այլ մարդ չէր, նա մնում էր նույնքան անկեղծ ու իրական»,- ասել է Էռնանդեսը։