Սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթին մասնակցելու նպատակով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այցը Նյու Յորք սպառնում է գիշերային մղձավանջ դառնալ մեգապոլիսի և նրա անվտանգությունն ապահովող ոստիկանների համար։ Այս մասին հայտնել է New York Post թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Իրավապահները մտավախություն ունեն, որ Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիի կոշտ քննադատությունը Նեթանյահուի հասցեին կարող է հրահրել մասշտաբային բողոքի ցույցեր, որոնք վտանգ կներկայացնեն ինչպես իսրայելական պատվիրակության, այնպես էլ Նյու Յորքի բնակիչների և հենց ոստիկանների համար։ «Իր հայտարարություններով նա (Մամդանին – ՏԱՍՍ-ի նշում) այն, ինչ կարելի էր համարել առաջին կատեգորիայի ամենամյա փոթորիկ, վերածում է հինգերորդ կատեգորիայի փոթորկի»,- պարբերականին ասել է քաղաքի ոստիկանության աղբյուրը։
ՄԱԿ-ի ԳԱ-ում Նեթանյահուի ելույթը սպասվում է սեպտեմբերի 26-ին, այցի ժամանակ նրա գրաֆիկը դեռ վերջնականապես համաձայնեցված չէր, ուստի հայտնի չէ, թե կոնկրետ քանի ոստիկան կպահանջվի հատկացնել նրա անվտանգությունն ապահովելու համար։ New York Post-ի զրուցակիցների խոսքով՝ դրա համար կարող է պահանջվել 60 և նույնիսկ ավելի մարդ։
