Թուրքական MV Güllük բեռնատար նավը Նովոռոսիյսկի մերձակայքում ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման։ Զոհեր և վիրավորներ չկան, սակայն նավը վնասվել է։
Haberdenizde-ի տվյալներով՝ անօդաչուի հարվածը հասցվել է նավի բնակելի հատվածին։ MV Güllük-ը շարժվում էր դեպի Թաման, սակայն միջադեպից հետո ուղևորվել է Ստամբուլ, որտեղ կանցկացվի նավի ամբողջական տեխնիկական զննումը։
2002 թվականին կառուցված MV Güllük-ը զբաղվում է միջազգային բեռնափոխադրումներով։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարությունը լուրջ մտահոգություն էր հայտնել Սև ծովում լարվածության սրման կապակցությամբ՝ հիշեցնելով, որ օգոստոսի 3-ին Նովոռոսիյսկի մերձակայքում հարձակման էին ենթարկվել նաև Nadezhda և Yasar բեռնատար նավերը։ Անկարան զգուշացրել էր, որ լարվածության նվազեցմանն ուղղված կանխարգելիչ քայլերի բացակայությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, այդ թվում՝ համաշխարհային պարենային անվտանգության համար։