Իրանը սպառնացել է հարվածել Ծոցի երկրներին՝  ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում

Թեհրանը Պարսից ծոցի երկրների իշխանություններին տեղեկացրել է, որ Իրանին հասցված ԱՄՆ նոր հարվածների դեպքում իրանական զինվորականները կգրոհեն տարածաշրջանի էներգետիկայի և ջրամատակարարման օբյեկտները, հայտնել է CNN-ը:

«Զրույցներին ծանոթ տարածաշրջանային պաշտոնյայի խոսքով՝ Իրանը Պարսից ծոցի երկրներին հայտնել է, որ ԱՄՆ-ի հարձակումների վերսկսումը կհանգեցնի պատասխան հարվածների տարածաշրջանի էներգետիկ օբյեկտներին և աղազերծման կայաններին»,- հաղորդում է հեռուստաալիքը։

CNN-ը պարզաբանել է, որ տարածաշրջանի մի շարք երկրներ պաշտպանության հարցում հիմնվում են ԱՄՆ-ի սպառազինության համակարգերի վրա, սակայն ավելի ու ավելի հաճախ է տեղեկատվություն ստացվում ամերիկյան արսենալների սպառման մասին։ «Տարբեր պաշտոնյաներ հայտարարել են, որ Պարսից ծոցի պետությունների ղեկավարներն ընդունել են՝ զինամթերքի պակասը կարող է կրճատել իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարձակումները հետ մղելու իրենց հնարավորությունները»,- հայտնել է հեռուստաալիքը։

Միևնույն ժամանակ, ամերիկացի բարձրաստիճան պետական պաշտոնյան CNN-ին հայտնել է, որ ԱՄՆ-ի զինամթերքի սպառման մասին ԶԼՄ-ներում տեղեկատվության արտահոսքի հետևում կարող են կանգնած լինել վարչակազմի հակապատերազմական տրամադրություններ ունեցող աշխատակիցները, ովքեր ցանկանում են երկիրը դուրս բերել Իրանի հետ հակամարտությունից։

Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ վարվող բանակցությունների մասին, սակայն Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հերքել էր նրա խոսքերը։ Դիվանագետի խոսքով՝ Հորմուզի նեղուցի կառավարման հարցով Թեհրանը բանակցություններ է վարել միայն Օմանի հետ։

Դրանից առաջ Թրամփը թույլատրելի էր համարել Իրանին նոր զանգվածային հարվածներ հասցնելու հնարավորությունը։ Ամերիկյան զինուժը վերսկսել էր հարձակումները երկրի տարածքի վրա հուլիսի 8-ին՝ ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի տապալումից հետո։

Leave a Comment