Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում մեկնարկում է կարևորագույն նախաձեռնություն, որի շրջանակում համալսարանի թիվ 13 մասնաշենքում կհիմնադրվի ժամանակակից Startup Incubation and Acceleration Hub՝ նախատեսված համալսարանի բոլոր կրթական ստորաբաժանումների սովորողների համար։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանից։
Նախագծի շրջանակում մասնաշենքի ամբողջ մեկ հարկաբաժինը կվերափոխվի նորարարական միջավայրի, որտեղ ուսանողներն ու աշակերտները հնարավորություն կունենան իրենց գաղափարները վերածելու կենսունակ և մրցունակ ստարտափների։
Հաբի գործունեության հիմանակն բաղադրիչներն են`
- ինկուբացիոն և աքսելերացիոն ծրագրերը,
- ձեռնարկատիրական և տեխնոլոգիական կրթությունը,
- մենթորական աջակցությունը,
- ֆինանսավորման ներգրավման հնարավորությունները,
- իրավաբանական և բիզնես խորհրդատվությունը,
- ներդրողների և դոնորների, այդ թվում՝ բիզնես հրեշտակների (Angel Investors) հետ համագործակցության հարթակը,
- միջազգային դրամաշնորհային և վենչուրային հիմնադրամների հետ կապերի ստեղծումը։
Նախաձեռնության հիմնական նպատակն է ձևավորել այնպիսի ամբողջական էկոհամակարգ, որտեղ երիտասարդները դեռ ուսանողական տարիներից կկարողանան զարգացնել իրենց նորարարական մտածողությունը, ստեղծել մրցունակ տեխնոլոգիական լուծումներ և դրանք հասցնել շուկա։
Հատկանշական է, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը ներկայում բանակցություններ է վարում աշխարհի մի շարք առաջատար համալսարանների հետ՝ նրանց հաջողված ստարտափային և ինովացիոն մոդելները Պոլիտեխնիկում տեղայնացնելու և ներդնելու նպատակով։ Այդ համագործակցությունները հնարավորություն կտան համալսարանի ուսանողներին օգտվել միջազգային լավագույն փորձից և ինտեգրվել համաշխարհային նորարարական էկոհամակարգին։
Այս աննախադեպ նախաձեռնությունը կյանքի է կոչվելու «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերության և համալսարանի մյուս գործընկերների ու բարեկամների աջակցությամբ։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը շարունակում է իր ռազմավարական ուղին՝ դառնալով ոչ միայն ինժեներական կրթության առաջատար կենտրոն, այլև Հայաստանի տեխնոլոգիական ձեռնարկատիրության և նորարարության զարգացման առանցքային հարթակ, – տեղեկացնում է Iravaban.net-ը։