Հարցին ՝ ինչպե՞ս եք գնահատում 9-րդ գումարման ԱԺ նիստերի ընթացքն ու բովանդակությունը, Ղազարյան Ալխասն արձագանքել է գովելով ընդդիմությանը՝ հայտարարելով, որ քիչ թե շատ գոհ է. ընդդիմությունը դրական է արձագանքել ՔՊ-ի առաջարկին՝ լինելու բարեկիրթ, սկսելու զրոյական կետից, արդարացնելու այն քվեն, որ ժողովուրդը տվել է:
Այս օրերին միայն Ալխասը չէ, որ «գովաբանում է» ընդդիմությանը. հաճախ կարելի է տեսնել տարբեր ՔՊ-ականների, որոնք շատ կոնկրետ քաղաքական տեխնոլոգիայի օգտնությամբ փորձում են լուծել ընդդիմության հարցերը. այսօրինակ կեցվածքը ուղղված է ընդդիմությանը չեզոքացնելուն, քաղաքական օրակարգը վերահսկելուն և հանրային ընկալումներում իշխանության գերիշխանությունն ամրապնդելուն։ Նիկոլն ուզում է, որ ընդդիմությունը դառնա իր լակոտը, ինքն էլ՝ այն «պապան», որի գնահատականներով ուրախանում է զավակը: Ուզում են, որ ընդդիմությունը ձեռք բերի իշխանության սահմանած խաղի կանոններին ենթարկվողի կարգավիճակ՝ հանդես գալով այսպես ասած 2-րդ համարի տակ։ Իշխանությունն ուզում է, որ հասարակության արմատական ընդդիմադիր հատվածը հիասթափվի այս ընդդիմությունից՝ հեռանալով ու օտարվելով դրանից: Եթե դա տեղի ունենա, ապա այն փողոցային պայքարը, որը կարող է բռնկվել ասենք աշնանը, ի սկզբանե դատապարտված կլինի տապալման:
Սա թակարդ է, որից պետք է խուսափել ցանկացած գնով. ընդդիմության բուն առաքելությունը իշխանությանը քննադատելը, վերահսկելը և այլընտրանք առաջարկելն է, մինչդեռ իշխանությունն է այսօր փորձում հանդես գալ ընդդիմությանը գնահատական տվողի ու վերահսկողի դերում, ինչը խայտառակություն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: