Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) արձանագրել է, որ Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը խախտել է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնները՝ լրագրողի հետ հաղորդակցվելու ընթացքում դրսևորած վարքագծի պատճառով։ Համապատասխան եզրակացությունն ընդունվել է 2026 թվականի օգոստոսի 5-ին՝ վարույթի շրջանակում կատարված ուսումնասիրության արդյունքում։ Iravaban.net-ը ուսումնասիրել է համապատասխան եզրակացությունը։
Ըստ հանձնաժողովի՝ վարույթը հարուցվել է 2026 թվականի հունիսի 12-ին՝ «Ազատություն» լրատվամիջոցի՝ 2026 թվականի մայիսի 19-ի «Սպիտակի փոխքաղաքապետն ու քաղաքապետը խոչընդոտել են «Ազատության» աշխատանքը» հրապարակման հիման վրա։ Հրապարակման մեջ ներկայացված տեսանյութում լրագրող Կարինե Սիմոնյանը հարց է ուղղում Սպիտակի համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանին՝ «Բան ունե՞ք ասելու, պարոն Նիկողոսյան», ինչին վերջինս պատասխանում է. «Քեզ՝ առավել ևս ոչ, Ձեզ՝ առավել ևս ոչ։ Դուք էն մարդը չեք, որ Ձեզ բան ասեմ։ Հասկացողին են ասում»։
Հանձնաժողովը վարույթ հարուցելու մասին որոշումն ուղարկել է Քաջայր Նիկողոսյանին՝ առաջարկելով ներկայացնել պարզաբանում։ Համայնքի ղեկավարը գրավոր պարզաբանմամբ նշել է, որ դեպքի օրը գտնվում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակում անցկացվող միջոցառմանը և լրագրողը մի քանի անգամ փորձել է իրենից հարցազրույց վերցնել։ Նրա խոսքով՝ նախկինում ևս բազմիցս հայտնել էր, որ տվյալ լրագրողին հարցազրույց չի տալու և առաջարկել էր հարցերը ներկայացնել գրավոր։
Քաջայր Նիկողոսյանը նաև պնդել է, որ լրագրող Կարինե Սիմոնյանի հրապարակումները 2022 թվականից եղել են իր և համայնքի գործունեությունը վարկաբեկող բնույթի, իսկ մայիսի 19-ի հրապարակված տեսանյութը, իր գնահատմամբ, ներկայացրել է միայն մոնտաժված հատված։ Նա նշել է, որ լրագրողը փորձել է սադրիչ իրավիճակ ստեղծել և հանրության մոտ ձևավորել այնպիսի տպավորություն, թե ինքն է խոչընդոտում լրագրողի աշխատանքը։
Վարույթի ընթացքում հանձնաժողովը դիմել է լրագրող Կարինե Սիմոնյանին՝ խնդրելով ներկայացնել միջադեպին վերաբերող ամբողջական, չմոնտաժված տեսաձայնագրությունները։ 2026 թվականի հուլիսի 15-ին լրագրողը հանձնաժողովին է ներկայացրել պահանջված նյութերը։
ԿԿՀ-ն ուսումնասիրել է ինչպես հրապարակված տեսանյութը, այնպես էլ լրագրողի ներկայացրած ամբողջական տեսաձայնագրությունները։ Դրանցից մեկում, ըստ եզրակացության, Քաջայր Նիկողոսյանը լրագրողին ասում է. «Էլի եկար խանգարելու՞», այնուհետև հեռանալիս արտաբերում է այլ արտահայտություններ։ Երկրորդ տեսանյութում արձանագրված է հրապարակման մեջ ներկայացված խոսակցությունը, որտեղ լրագրողի հարցին համայնքի ղեկավարը պատասխանում է. «Քեզ՝ առավել ևս ոչ, Ձեզ՝ առավել ևս ոչ։ Դուք էն մարդը չեք, որ Ձեզ բան ասեմ։ Հասկացողին են ասում»։ Տեսանյութում նաև երևում է, որ այդ խոսքերից հետո լրագրողը հայտարարում է, թե վիրավորանքի համար կարող է ոստիկանություն դիմել, քանի որ, իր խոսքով, խոչընդոտվում է իր մասնագիտական գործունեությունը։
Եզրակացությունում հանձնաժողովը վկայակոչել է «Հանրային ծառայության մասին» օրենքը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հաստատած վարքագծի կանոնագիրը, որի 51-րդ կետի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է լրագրողների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հաղորդակցվելիս ցուցաբերել հարգալից վերաբերմունք, չխախտել նրանց իրավունքները և չխոչընդոտել նրանց օրինական մասնագիտական գործունեությանը։
Հանձնաժողովը եզրակացության մեջ նաև անդրադարձել է արտահայտվելու ազատության սահմաններին, Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին, ինչպես նաև մամուլի ազատության և լրագրողների դերի վերաբերյալ ձևավորված իրավական մոտեցումներին։ Նշվում է, որ արտահայտվելու ազատությունը կարող է ներառել սուր կամ քննադատական խոսք, սակայն այն չի պաշտպանում այնպիսի արտահայտությունները, որոնց միակ նպատակը վիրավորելն է։ Միաժամանակ ընդգծվում է, որ մամուլը ժողովրդավարական հասարակությունում իրականացնում է հանրային վերահսկողի գործառույթ, իսկ լրագրողները պաշտպանված են իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելու ընթացքում։
Ուսումնասիրելով դեպքի հանգամանքները՝ հանձնաժողովը արձանագրել է, որ լրագրողի կողմից Քաջայր Նիկողոսյանին ուղղված հարցադրումները վերաբերում էին հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմայի՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում հնարավոր վարչական ռեսուրսի օգտագործման հարցին։ Ըստ հանձնաժողովի՝ ներկայացված տեսանյութերից չի հետևում, որ լրագրողը մինչ վիճարկվող արտահայտությունների հնչեցումը կիրառել է վիրավորական կամ սադրիչ խոսք համայնքի ղեկավարի հասցեին։
ԿԿՀ-ն եզրակացրել է, որ «Քեզ՝ առավել ևս ոչ», «Դուք էն մարդը չեք, որ Ձեզ բան ասեմ» և «Հասկացողին են ասում» ձևակերպումները պարունակում են լրագրողի նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունքի դրսևորման հատկանիշներ։ Հանձնաժողովի գնահատմամբ՝ դրանցով համայնքի ղեկավարը լրագրողին առանձնացրել է բացասական վերաբերմունքով և, ըստ էության, նրան ներկայացրել որպես «անհասկացող»։ Եզրակացության համաձայն՝ այդ արտահայտությունները կրել են ոչ թե քննադատելու, այլ վիրավորելու նպատակ և համաչափ չեն եղել լրագրողի մասնագիտական գործունեությանը։
Հանձնաժողովն անդրադարձել է նաև Քաջայր Նիկողոսյանի այն պնդմանը, թե լրագրողը չի պահպանել լրագրողական էթիկայի կանոնները՝ նշելով, որ լրագրողների վարքագծի գնահատումն իր իրավասության շրջանակում չէ։ Միևնույն ժամանակ եզրակացության մեջ արձանագրվել է, որ ներկայացված տեսանյութերի բովանդակությունը հիմք չի տալիս համարելու, թե լրագրողի վարքագիծը կարող էր արդարացնել համայնքի ղեկավարի խոսքային արձագանքը։
ԿԿՀ-ն նաև նշել է, որ լրագրողների նկատմամբ հարգալից վերաբերմունքի պահանջի խախտումները հանրային մեծ հետաքրքրություն են ներկայացնում, քանի որ առնչվում են մամուլի ազատության ապահովմանը, որն ունի հիմնարար նշանակություն ժողովրդավարական հասարակությունում։
Արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացրել է, որ Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի կողմից առկա է վարքագծի կանոնի խախտում և որոշել է եռօրյա ժամկետում եզրակացությունն ուղարկել վերջինիս։
Տեղեկացնում է Iravaban.net-ը։