Իրանն ու Օմանը 60-օրյա ժամկետով պայմանավորվել են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ

Իրանն ու Օմանը կարողացել են համաձայնեցնել Հորմուզի նեղուցով նավերի երթևեկության կարգը, որը կգործի 60 օր, օգոստոսի 6-ին հայտնել է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրին։

«Հորմուզի նեղուցի բացման մասին համաձայնագրի մասին կարող է հայտարարվել առաջիկա օրերին»,- ասել է աղբյուրը՝ հավելելով, որ Թեհրանի և Մասկատի համաձայնագիրը դեռևս պետք է արժանանա Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի հավանությանը, փոխանցում է հեռուստաալիքը։

«Աղբյուրը նշել է, որ Հորմուզի նեղուցի վերաբերյալ առաջարկվող համաձայնագիրը կգործի 60 օր և նպատակ ունի վերականգնել նավագնացությունը։ Զրուցակիցն ընդգծել է, որ 60-օրյա համաձայնագիրը պետք է օգնի դուրս գալ ստեղծված փակուղուց և մեկնարկել տեխնիկական բանակցությունները»,- նշել է «Ալ-Արաբիան»։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Հորմուզի նեղուց մուտք գործող նավերն օգտվելու են Իրանին մոտ գտնվող ճանապարհից, իսկ դուրս եկողները՝ Օմանի մոտով անցնող երթուղուց։ Տարածաշրջանային պետությունները նույնպես կկարողանան մասնակցել նեղուցի ականազերծման գործընթացին։ Աղբյուրը հավելել է, որ ԱՄՆ-ն ու Իրանը միջնորդների միջոցով շարունակում են բանակցությունները, և այդ շփումները գտնվում են եզրափակիչ փուլում։ Սպասվում է, որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին այս հանգստյան օրերին կամ հաջորդ շաբաթվա սկզբին այցով կմեկնի Պակիստան։

Իրանի ԱԳՆ-ից օգոստոսի 5-ին հայտնել էին, որ Թեհրանն ու Մասկատն արդեն համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նավերի երթևեկության նոր երթուղու կոորդինատները, և կողմերը համատեղ հայտարարություն են պատրաստում։ Միևնույն ժամանակ նշվել էր, որ Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի և Օմանի հնարավոր համաձայնագիրը չի կարող երաշխավորել ջրային միջանցքի անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ապակայունացնող գործողությունների ռիսկի պատճառով։

CBS-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Իրանի և Օմանի համաձայնագիրը նեղուցով անցնելու համար վճար չի նախատեսի։

Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ վարվող բանակցությունների մասին, սակայն Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հերքել էր նրա խոսքերը։ Դիվանագետի խոսքով՝ Հորմուզի նեղուցի կառավարման հարցով Թեհրանը բանակցություններ է վարել միայն Օմանի հետ։

Դրանից առաջ Թրամփը թույլատրելի էր համարել Իրանին նոր զանգվածային հարվածներ հասցնելու հնարավորությունը։ Ամերիկյան զինուժը վերսկսել էր հարձակումները երկրի տարածքի վրա հուլիսի 8-ին՝ ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի տապալումից հետո։

Մինչ պատերազմի սկսվելը Հորմուզի նեղուցով էր անցնում աշխարհում վաճառվող նավթի և գազի մոտ մեկ հինգերորդ մասը։ Նավագնացության սահմանափակումը հանգեցրել է վառելիքի, պարարտանյութերի և այլ ապրանքների գների բարձրացմանը։

Leave a Comment