Իրանը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին անցնելու վերաբերյալ, որի ընթացքում պետք է քննարկվի իրանական միջուկային ծրագիրը։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին։
«Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք որոշում ենք կայացրել անցնել երկրորդ փուլին, որի ընթացքում պետք է քննարկվի Իրանի միջուկային ծրագիրը, ապա պետք է նշեմ, որ նման որոշում դեռ չի ընդունվել։ Հաշվի առնելով այն բարդություններն ու դժվարությունները, որոնց մասին արդեն խոսել եմ, հարցը դեռ քննարկման փուլում է»,- նրա խոսքը փոխանցել է IRNA գործակալությունը։
Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր 60 օրով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ուղղություններով։ Այդ ընթացքում կողմերը բանակցությունների երկրորդ փուլում պետք է քննարկեին նաև Թեհրանի միջուկային ծրագիրը։
Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ը վերսկսեց Իրանի դեմ լայնածավալ հարվածները՝ մեղադրելով Թեհրանին ձեռք բերված պայմանավորվածությունների խախտման մեջ՝ Օրմուզի նեղուցին վերաբերող դրույթների մասով։