Իսրայելը մտադիր չէ խաղաղություն հաստատել Մերձավոր Արևելքում, և միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի հրեական պետության վրա, քանի որ նրա ագրեսիվ գործողությունները կարող են հանգեցնել տարածաշրջանային և գլոբալ ճգնաժամի։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Իսրայելը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ոչ մտադրություն ունի, ոչ էլ ծրագիր։ Այն բոլոր հարթակներն օգտագործում է միայն սեփական դիրքորոշումն ու անօրինական ռազմավարությունն առաջ մղելու համար։ Միջազգային հանրությունը կանգնած է լուրջ փորձության առջև, և Թուրքիան ու նրա ամենամոտ դաշնակիցները մշտապես ընդգծում են այդ փաստը։ Եթե մենք՝ որպես տարածաշրջանի երկրներ և միջազգային հանրություն, անհրաժեշտ դիվանագիտական քայլեր չձեռնարկենք տարածաշրջանում Իսրայելի էքսպանսիոնիստական քաղաքականությունը կանխելու համար, դա կհանգեցնի ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ ճգնաժամի»,- Ամմանում Երուսաղեմին նվիրված նախարարական հանդիպումից հետո հայտարարել է Ֆիդանը։ Նրա ելույթի տեսագրությունը տարածել է Թուրքիայի ԱԳՆ-ն։
Ֆիդանը նշել է նաև, որ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը կատարել է Գազայի վերաբերյալ խաղաղության ծրագրով ստանձնած բազմաթիվ պարտավորություններ։
«Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ Իսրայելը մշտապես խափանում է այդ ծրագրի իրականացումը»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։
Նրա գնահատմամբ՝ անիմաստ է Իսրայելի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել, քանի դեռ այն չի հրաժարվել իր ներկայիս դիրքորոշումից։