Իր առօրյա անփույթ կյանքի հակապատկերն էր Սիփան Շիրազը գրականությամբ զբաղվելու պահերին. զգույշ էր ամեն բառի, ամեն պատկերի նկատմամբ: Սիփանը բանաստեղծ Հովհաննես Շիրազի 3-րդ զավակն էր՝ ծնված 1967 թվականին: Հայրը սկզբում նրա անունը Սիս էր դրել՝ մտքում ունենալով, որ հաջորդ որդուն կկոչի Սիփան: Բայց 4-րդ և 5-րդ զավակները աղջիկներ եղան՝ Աստղիկն ու Անին: Հույս չունենալով, թե էլի տղա կունենա, Հովհաննես Շիրազը, ապահովության համար, Սիս որդու անունը փոխեց Սիփանի: Այդպես ձևավորվեց տաղանդավոր որդիների եռյակը՝ Արա, Մասիս, Սիփան: «Մասիսն իմ խաղաղ օվկիանոսն է, Սիփանը՝ իմ որոտ-կայծակը»,- ասում էր հայրը:
Սիփանն ավարտեց Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի քանդակի բաժինը, հետո ընդունվեց Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակագործության ֆակուլտետ։ Խենթ էր ոչ միայն իր բանաստեղծություններով, այլև կերպարվեստով: 14 տարեկանում գիշերները գաղտնի քանդակել էր հորը և կիսանդրին ներկայացրել իր անհատական ցուցահանդեսին: Երբ Հովհաննես Շիրազը ցուցասրահում դեմ առ դեմ հանդիպել է իր քանդակին, անակնկալի եկած հանել է գլխարկը, դրել կիսանդրու գլխին ու ասել. «Բարև, Շիրա՛զ, գործերդ ի՞նչ են»:
Սիփան Շիրազը՝ այս բոհեմական տղան, ի ծնե արվեստագետ էր: Նորարար էր իր գրչով. նրա բանաստեղծական տողերն ու պատկերները ոչ միայն սոսկ բառերից ու իմաստներից են հյուսված, այլև կարծես նկարված լինեն:
Կյանքը քաղաքի այս տաղանդավոր, խենթ տղայի բանաստեղծական հոգուն ծանր հարվածներ հասցրեց: Արցախյան պատերազմի, ընկերների նահատակության, մենակության ու երկրաշարժի ծանր տարիների ցավը չխլացրեց անգամ խմիչքը: Նա անխնա վատնում էր իր կյանքը և հեռացավ 30 տարին լրանալուց 2 ամիս առաջ՝ 1997 թվականի ապրիլի 15-ին: Հեռացավ անսպասելի (թեպետ կյանքի վերջին ամիսներին շատ էր խոսում մահվան մասին)՝ մեծ դատարկություն թողնելով քաղաքում, ընկերների շրջապատում և գրականության մեջ:
Ավագ եղբայրը՝ նշանավոր քանդակագործ Արա Շիրազը, նրա շիրիմին կանգնեցրեց բրոնզե մի քանդակ. Սիփանն էր՝ ճակատագրին ընդառաջ գնացող, իսկ ետևում առագաստն էր՝ «Ո՞ւր ես, չկաս» գրությամբ: Հետագայում այդ բրոնզե քանդակը, որպես մետաղի ջարդոն վաճառելու նպատակով, գողացան մարդիկ՝ առանց անգամ հասկանալու, թե ինչ են անում: