Ռուսաստանի փոխարտգործնախարարը, այդպիսով, մերժել է Ուկրաինայի նախագահի կողմից ավելի վաղ հնչեցրած առաջարկությունը՝ օդային զինադադար կնքել, դադարեցնել էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները, սառեցնել ցամաքային ռազմագործողությունները և վերսկսել քաղաքական քննարկումները։ Անցյալ շաբաթ Ռուսաստանի պետական հեռուստատեսությանը հարցազրույցում արտգործնախարար Լավրովը հայտարարել է, որ զորքերի շփման գծի «սառեցումից հետո Ուկրաինան ոչ մի տարածք ռուսաստանապատկան չի ճանաչի»։ Մոսկվան մշտապես պնդել և պնդում է, որ կրակի դադարեցմանը պետք է նախորդի «իրավական ուժ ունեցող պայմանագրի ստորագրումը»։
Ուկրաինական Unian-ը, հղելով իտալական La7 հեռուստաընկերությանը, ներկայացրել է աշխարհաքաղաքականության հարցերով մասնագիտացված Limes հանդեսի տնօրեն Լուչո Կարաչոլոյի տեսակետը, ըստ որի՝ «Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության ճակատագիրը կորոշվի ոչ Մոսկվայում և ոչ էլ Կիևում, վերջնական խոսքը կմնա Պեկինին և Վաշինգտոնին»։ Նա պարզաբանել է, որ «բախման ուղղակի մասնակիցներից ոչ մեկը այսօր քաղաքական ազատություն չունի, որպեսզի կրակը դադարեցնի», իսկ առաջինը «որոշում կընդունեն չինացիները, հետո՝ ռուսները, բայց՝ ելնելով նրանից, թե ինչ կասի Պեկինը, իսկ վերջում՝ ամերիկացիները»։ Իտալացի քաղաքագետը ընդգծել է, որ Վլադիմիր Պուտինը և Վլադիմիր Զելենսկին գտնվում են «մի իրավիճակում, երբ պատերազմը դադարեցնելու փորձը նրանց կարժենա քաղաքական կարիերայի վերջ, հնարավոր է՝ նույնիսկ «այլ բան»»։
Սեպտեմբերի 24-ին Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը պետական այցով կգտնվի Վաշինգտոնում։ Հուլիսի 28-ին Սպիտակ տան Օվալաձև սրահում կայացել է ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների հանդիպումը, որին հաջորդել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի «վերբեռնման» մասին ոչ պաշտոնական տեղեկություններ։ Կարելի է ենթադրել, որ Չինաստանի առաջնորդի հետ բանակցություններում ԱՄՆ նախագահը «կփորձի Ուկրաինայի հարցում նրանից աջակցություն ստանալ»։ Բայց ինչի՞ դիմաց։ Չինաստան այցից հետո Դոնալդ Թրամփը Թայվանի «ճանաչումը սառեցրել» է, բայց Թայբեի իշխանությունները Միացյալ Նահանգներից շարունակաբար ռազմական աջակցություն են ստանում։
Կարդացել են
անգամ