ՍԱՏՄ-ն կասեցրել է «88» սուպերմարկետի հացի ու տորթերի արտադրամասի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «ՆՆ Հոլդինգ» ՍՊ ընկերության Երևանի Անդրանիկի 73/1 հասցեում գործող «88» սուպերմարկետում գործող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեությունը: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Տեսուչների կողմից անցկացվող վերահսկողության ընթացքում այստեղ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ: Այսպես՝

— արտադրամասի դասավորվածությունը չի բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,
— պատերն ունեցել են վնասված հատվածներ, մակերևույթը պատված չի եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով,
— առաստաղներն ապահով չեն եղել, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, մասնիկների թափվելու հնարավորությունը,
— չի եղել օդափոխության համակարգ,
— շինությունների որոշ հատվածում կոյուղու համակարգը նախագծված և կառուցված չի եղել այնպես, որ բացառվի սննդամթերքի աղտոտման ռիսկը,
— սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող տեխնոլոգիական սարքավորումները, բեռնարկղերը վնասված են եղել՝ հնարավորություն չտալով իրականացնելու դրանց պատշաճ լվացման, մաքրման, ախտահանման աշխատանքներ,
— արտադրամասում պահվել են անձնական իրեր, սննդամթերքի արտադրությունում չօգտագործվող նյութեր և պարագաներ:

«ՆՆ Հոլդինգ» ՍՊ ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հացի ու տորթերի արտադրության արտադրամասը օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար:

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

Leave a Comment