Հաջիև․ Սահմանադրության փոփոխությունից հետո խոչընդոտ չենք տեսնում խաղաղության համաձայնագրի ստորագրման համար

«Ակնկալում ենք, որ Հայաստանի Սահմանադրությունից կհեռացվի Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ սահմանող դրույթը», – ադրբեջանական APA-ի փոխանցմամբ՝ «Haber Global» հեռուստաալիքին տված մեկնաբանության մեջ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Շուտով Հայաստանում կսկսվի նոր Սահմանադրության ընդունման գործընթացը։ Սրանք այն ազդանշաններն են, որոնք մենք ստանում ենք։ Հնարավոր է հանրաքվե անցկացվի։ Հայաստանի Սահմանադրության նախաբանում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները վերացնելուց հետո մենք որևէ խոչընդոտ չենք տեսնում վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար», – ընդգծել է Հաջիևը։

Ադրբեջանի նախագահի օգնականը նաև նշել է, որ տարածաշրջանում արդեն իսկ հաստատվել է խաղաղություն։

Բաքուն հստակ նախապայման է առաջադրել՝ խաղաղության պայմանագիրը կստորագրվի միայն Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և դրանից Անկախության հռչակագրի հղումը հեռացնելու դեպքում: Հռչակագրում տարածքային նկրտումներ են տեսնում: Նիկոլ Փաշինյանը նույնպես կողմ է այս փոփոխությանը՝ հռչակագիրը համարելով կոնֆլիկտածին և պնդելով, որ դրանից ազատվելը բխում է հենց Հայաստանի շահերից:

Leave a Comment