Հայաստանը ներառվել է այն երկրների շարքում, որտեղ կարող են կառուցվել Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող միգրանտների պահման կենտրոններ՝ արտաքսման սպասող միգրանտների համար։ Այս առաջարկը, ըստ իտալական Corriere della Sera թերթի, Իտալիան նախատեսում է ներկայացնել ԵՄ առաջնորդներին երկուշաբթի օրը։
Ըստ հրապարակման՝ ծրագիր Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Պիանտեդոզին նախատեսում է ծրագիրը ներկայացնել օգոստոսի 4-ին կայանալիք ԵՄ խորհրդի նիստում։ Այն նախատեսում է Եվրոպական միության սահմաններից դուրս ստեղծել միգրանտների հայրենադարձման կենտրոններ։ Այդ կենտրոնները կգործեն Իտալիայի և Ալբանիայի միջև գործող համաձայնագրի մոդելով, սակայն կֆինանսավորվեն Եվրոպական միության միջոցներով։
Առաջարկվող կենտրոնների մեծ մասը նախատեսվում է տեղակայել Աֆրիկայում։ Սակայն Corriere della Sera-ն հայտնում է, որ հնարավոր հյուրընկալող երկրների նախնական ցանկում ընդգրկված են նաև Հայաստանը, Ուզբեկստանը և Չեռնոգորիան, ինչպես նաև Ռուանդան, Գանան, Սենեգալը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Եգիպտոսը, Ուգանդան և Եթովպիան։
Թերթը միաժամանակ ընդգծում է, որ այդ ցանկը նախնական բնույթ ունի։ Առայժմ որևէ հաստատում չկա, որ նշված երկրներից որևէ մեկը համաձայնել է ընդունել նման կենտրոններ, իսկ Եվրոպական միությունը նույնպես դեռևս պաշտոնական որոշում չի հրապարակել։
Այս նախաձեռնությունն առաջ է քաշվում այն ժամանակ, երբ եվրոպական կառավարությունները փորձում են խստացնել միգրացիոն քաղաքականությունը՝ ԵՄ արտաքին սահմաններին աճող ճնշման պայմաններում։ Ավելի վաղ ԵՄ 22 անդամ պետություններ համատեղ նամակ էին հղել ԵՄ ղեկավարներին՝ կոչ անելով ուժեղացնել սահմանների պաշտպանությունը և ավելի կոշտ պայքար վարել ապօրինի միգրացիայի դեմ։
Հարցը նոր հրատապություն ստացավ Իսպանիային պատկանող հյուսիսաֆրիկյան Սեուտա անկլավում միգրանտների զանգվածային հոսքից հետո։ Իսպանական իշխանությունների տվյալներով՝ 24 ժամվա ընթացքում տասնյակ հազարավոր միգրանտներ փորձել են հատել սահմանը և մտնել այդ տարածք, ինչի հետևանքով Մադրիդը ստիպված է եղել սահման ուղարկել լրացուցիչ ոստիկանական և զինված ուժերի ստորաբաժանումներ։
Իսպանիայի և Մարոկկոյի իշխանությունների փոխանցմամբ՝ մարդկանց այս զանգվածային տեղաշարժը խթանվել է սոցիալական ցանցերում իրականացված համակարգված արշավների միջոցով, որոնց ընթացքում տարածվել են տեսանյութեր և հրահանգներ՝ կոչ անելով միգրանտներին ուղևորվել դեպի Սեուտա։
Ստեղծված իրավիճակը Եվրոպայում նոր կոչերի պատճառ է դարձել՝ ավելի կոշտ մոտեցում ցուցաբերել։ Իտալիայի վարչապետ Մելոնին հայտարարել է, որ Իտալիան քննարկում է Իսպանիայի նկատմամբ Շենգենյան համաձայնագրի շրջանակներում գործող ազատ տեղաշարժի կարգավորումների ժամանակավոր կասեցման հնարավորությունը՝ Սեուտայում ստեղծված իրավիճակի պատճառով։ Ըստ տեղեկությունների՝ այս դիրքորոշումն աջակցություն է ստացել նաև Ֆինլանդիայի և Դանիայի կողմից։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կոչ է արել Մարոկկոյին ընդունել Սեուտա մուտք գործած միգրանտների վերադարձը և հորդորել է Իսպանիային վերականգնել լիարժեք վերահսկողությունը սահմանի նկատմամբ։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս կոչ է արել ավելի վճռական քայլեր ձեռնարկել՝ ապօրինի սահմանահատումները կանխելու համար։
Հոդվածի հրապարակման պահին դեռևս պաշտոնական մեկնաբանություն չկա այս տեղեկությունների վերաբերյալ։