Դատարան է ուղարկվել վարչապետի նկատմամբ բռնության կոչի վերաբերյալ գործը

2026 թ․-ի հուլիսի 30-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է քրեական գործ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բռնության հրապարակային կոչ հնչեցնելու վերաբերյալ։ Գործը մակագրվել է դատավոր Նարեկ Բեգլարյանին։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։

Դեպքի հանգամանքները

Ն․ Ա․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայացքներով և անձնական բնույթի հանգամանքներով՝ հրապարակային ելույթի ժամանակ արված հայտարարությամբ պայմանավորված, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ 2026 թվականի մայիսի 22-ին «Ֆեյսբուք» սոցիալական կայքում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչ է հնչեցրել և հրապարակայնորեն բռնություն քարոզել, որպիսի գործողությունները դրսևորվել են հետևյալում. Ն․  Ա․-ն 2026 թվականի մայիսի 22-ին մուտք է գործել «Ֆեյսբուք» սոցիալական կայքում «Ն․ Ա․» անունով հաշվառված իր անձնական օգտահաշիվ և «Yerevan Today» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանի անձնական տվյալներով առկա, «Սևակ Հակոբյան» անվանումով ֆեյսբուքյան էջում նույն օրը հրապարակված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային ելույթի տեսաձայնագրության «Մեկնաբանություններ» բաժնում՝ վերջինիս քաղաքական հայացքներով և անձնական բնույթի հանգամանքներով՝ հրապարակային ելույթի ժամանակ արված հայտարարությամբ պայմանավորված, կատարել է «Քեզ դ․ են ու նոր գնդակահարեն» բովանդակությամբ գրառում՝ այդ կերպ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ հնչեցնելով Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչ և հրապարակայնորեն քարոզելով բռնություն։

Ն․ Ա․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։

Ն․ Ա․-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը, – տեղեկացնում է Iravaban.net-ը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրյալը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Leave a Comment