ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի ղեկավարությանը մեղադրել է երկերեսանիության մեջ՝ հայտարարելով, թե Թեհրանը հանդիպումներ է խնդրում, սակայն հրապարակայնորեն հերքում է այդ փաստը:
Երկուշաբթի օրը Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտնել էր, որ Իրանի հետ նոր բանակցությունները կմեկնարկեն հենց երկուշաբթի: Իրանն ի պատասխան հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն գոյություն չունի,շեշտեովլ, որ երկխոսություն է վարում բացառապես Օմանի հետ՝ Հորմուզի նեղուցում անվտանգ նավագնացության հարցերի շուրջ:
Սպիտակ տան ղեկավարը «Truth Social» սոցիալական ցանցում արված հրապարակման մեջ գրել է, որ իրանական կողմը, ինչպես միշտ, պնդում է, թե Հորմուզի նեղուցը գտնվում է իր հուսալի վերահսկողության ներքո, մինչդեռ իրականում այն արդեն իսկ ամբողջությամբ վերահսկվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից:
ԱՄՆ նախագահը դատարկ խոսակցություններ է անվանել նեղուցի նկատմամբ Թեհրանի ազդեցության մասին պնդումները՝ շեշտելով, որ առանց Վաշինգտոնի թույլտվության այնտեղով ոչ մի նավ չի անցնի: Թրամփը նաև վերահաստատել է իր սկզբունքային դիրքորոշումը, որ Իրանը երբեք չի ունենալու միջուկային զենք։
Մինչդեռ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը չի վարում և չի պլանավորում որևէ բանակցություն ԱՄՆ-ի հետ: Իրանական կողմի պարզաբանմամբ՝ բոլոր ընթացիկ դիվանագիտական շփումներն իրականացվում են բացառապես Օմանի միջնորդությամբ, և դրանց նպատակը ոչ թե ԱՄՆ-ի հետ հաշտեցումն է, այլ Հորմուզի նեղուցով անվտանգ նավագնացության երթուղու ստեղծումը:
Իրանի իշխանությունները շեշտում են, որ լիարժեք նավագնացության վերականգնումն ու հակամարտության հանգուցալուծումն անհնար են, քանի դեռ Միացյալ Նահանգները չի դադարեցրել «ագրեսիան» և ռազմական գործողությունները տարածաշրջանում:
Միջազգային վերլուծաբանները նշում են, որ Թրամփն այսպիսով կիրառում է իր ավանդական մարտավարությունը՝ համատեղելով լայնամասշտաբ ռազմական հարվածների սպառնալիքները արագ դիվանագիտական հաջողության մասին հայտարարությունների հետ, որպեսզի առավելագույն ճնշում գործադրի Իրանի վրա: