Սևանա լճի «Վիշապ» լողափում քաղաքացիները, ջրային փրկարարներն ու շտապօգնության բժիշկները փրկել են 27-ամյա տղամարդու կյանքը, հայտնել է Shamshyan.com-ը։
Կայքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ճամբարակ խոշորացված համայնքի տարածքում։ Ականատեսները, այնուհետև ժամանած փրկարարները տղամարդուն դուրս են բերել ջրից։ Ճամբարակի ամբուլատոր կենտրոնի բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել նրան և տեղափոխել բժշկական հաստատություն։
Փրկվածը Երևանի բնակիչ, 27-ամյա Նարեկ Մ.-ն է, ասվում է հրապարակման մեջ։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ոստիկանության Ճամբարակի բաժնում փաստի առթիվ նյութեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն Քննչական կոմիտեի Սևանի քննչական բաժին, հավելել է կայքը։
