Այսօր վերաբացվել է նախկին «ՄուլտիՎելնես» առողջարանային համալիրը, սոցիալական ցանցերում տեսաձայնագրությամբ հայտնել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Բոլոր այն մարդիկ, ովքեր ունեին փաթեթներ, այդ բոլոր փաթեթները շարունակում են գործել։ Բոլոր այն օրերի համար, որի ընթացքում համալիրը փակված է եղել, այդ օրերը կավելացվեն ձեր փաթեթներին, և բոլոր այն ծառայությունները, որոնք դուք գնել եք նախկինում, նրանք շարունակվելու են ձեզ մատուցվել»,- ասել է Ավինյանը։
Նա վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը ապահովելու է համալիրի բնականոն աշխատանքը։
Հուլիսի 16-ին Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանի տնօրինության տակ։
«Այդ շինությունը կառուցված է եղել համայնքային տարածքի, անօտարելի հողի վրա, կառուցված եղել է խախտումներով, և պայմանագրի համաձայն՝ կողմերից մեկը, այսինքն՝ Երևանի քաղաքապետարանը, խզել է պայմանագիրը և շենքն ամբողջությամբ անցել է Երևանի քաղաքապետարանին»,- Factor TV-ին տված հարցազրույցում ասել էր նա։