Քննչական կոմիտեն խուզարկում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Նարեկ Կարապետյանի առանձնատունը։
«Քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական գործողություններ»,- ասում է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Ավելի վաղ պատգամավոր ընտրված Մարիաննա Ղահրամանյանն էր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել, որ «Ուժեղ Հայաստանի» նկատմամբ ապօրինի հետապնդումները շարունակվում են։
Քննչական կոմիտեից մանրամասներ չեն հայտնում, թե որ վարույթի շրջանակներում է իրականացվում խուզարկությունը, սակայն, «Հետքի» աղբյուրի փոխանցմամբ, առնչվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանի գործին։
Հիշեցնենք՝ 2026թ. հունիսի 2-ին, Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ «Ուժեղ Հայաստան»-ի աջակից Ա.Ա.-ն (Ալիկ Ալեքսանյան,- հեղ.), 2025թ. սեպտեմբերի 9-ից հանդիսացել է «Մեր ձևով ազգային արժեքների պահպանություն» ՀԿ-ի հիմնադիր և գործադիր մարմնի ղեկավար։ Ս.Կ.-ի (Սամվել Կարապետյան,-հեղ.) աջակիցների, «Մեր ձևով» ՀԿ-ի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից 2025թ. սեպտեմբերից մինչև 2026թ. մայիսն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում կազմակերպած ցույցերին և հավաքներին մասնակցելու, այլ կերպ՝ հավաքի մասնակիցներ հավաքագրելու իրական նպատակով՝ ՀՀ տարբեր վայրերում գործող «Մեր ձևով» ՀԿ-ի գրասենյակներում ձևականորեն, քողարկելով իր իրական մտադրությունը, քաղաքացիաիրավական, այդ թվում՝ ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա տարբեր ժամանակահատվածներով աշխատանքի է ընդունել շուրջ 1400 քաղաքացու։ Նրանցից ավելի քան 400-ը համատեղությամբ աշխատել են նաև այլ ընկերություններում:
Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը) և 296-դ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter