Աննա Հակոբյանի հասցեին սպառնալիքների գործով անձը հետախուզվում է – armeniatoday.am

Հայաստանի քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ իր հասցեին հնչած սպառնալիքների վերաբերյալ հրապարակման հիման վրա։

Այս մասին Armenia Today-ին հայտնել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։

Քրեական վարույթը նախաձեռնվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ։

ՔԿ-ից հայտնել են, որ այս գործով անցնող անձը ներգրավված է նաև մեկ այլ քրեական վարույթով՝ բռնության հրապարակային կոչեր հնչեցնելու վերաբերյալ։ Նրա նկատմամբ կայացվել է կալանավորման որոշում, և նա հայտարարվել է հետախուզում։

Հուլիսի 28-ին Հակոբյանը հայտնել էր, որ ընտանիքներում բռնության թեմայով հրապարակումներից հետո սկսել է սպառնալիքներ ստանալ։ Նա հույս էր հայտնել, որ պետական մարմինները կկարողանան կանխել նման դեպքերը։

Մինչև քրեական վարույթի նախաձեռնվելը Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ուսումնասիրում է ստացված հաղորդումը, իսկ ՀՀ գլխավոր դատախազությունը Armenia Today-ին հայտնել էր, որ Հակոբյանի հրապարակման հիման վրա ընթացք է տրվել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 30-ին կայացած ճեպազրույցում հաստատել է, որ տեղյակ է իր կնոջ հասցեին հնչած սպառնալիքների մասին։ Նրա խոսքով՝ իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել հանցագործության հատկանիշներ պարունակող ցանկացած դեպքի։

Leave a Comment