Կյանքից հեռացել է Սոկրատ Խանյանը


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Խոր վշտով հայտնի դարձավ, որ կյանքից հեռացել է Արցախի պետական համալսարանի երկարամյա դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ և հրապարակախոս Սոկրատ Աղալարի Խանյանը։

Սոկրատ Խանյանը ծնվել է 1930 թվականի հունվարի 22-ին՝ Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղում։ Բարձրագույն կրթությունն ու ասպիրանտուրան ավարտելուց հետո նա իր ամբողջ կյանքը նվիրել է մանկավարժական, գիտական և գրական գործունեությանը։

1969 թվականից նրա գործունեությունն անքակտելիորեն կապված էր Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի, հետագայում՝ Արցախի պետական համալսարանի հետ։ Տարիներ շարունակ նա ղեկավարել է բանասիրական ֆակուլտետը, հայոց լեզվի, գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնը, ինչպես նաև եղել է համալսարանի գիտական խորհրդի անդամ։

Սոկրատ Խանյանը բազմաթիվ սերունդների համար եղել է ոչ միայն դասախոս, այլև ուսուցիչ, ով իր գործունեությամբ սեր է փոխանցել հայոց լեզվի, գրականության, պատմության և ազգային մշակույթի նկատմամբ։

Նա մեծ ավանդ է ունեցել նաև հայ գրականության ու գրականագիտության զարգացման գործում՝ հեղինակելով բանաստեղծական ժողովածուներ, գիտական աշխատություններ և թարգմանություններ։ Նրա ստեղծագործություններում առանձնահատուկ տեղ են զբաղեցրել հայրենիքի, պատմական հիշողության և ազգային ինքնության թեմաները։

Սոկրատ Խանյանի մահը մեծ կորուստ է հայ կրթական ու մշակութային կյանքի համար։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment